Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են սկսել Նախիջևանում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, «Անսասան եղբայրություն 2019» զորավարժությանը մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս:

Պարբերաբար անցկացվող զորավարժությունները միտված են երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակմանն ու համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործմանը:

Ծրագրի ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ կիրականացնեն: Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 11-ը: