Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Իվան Գոլունովին

Լրագրող Իվան Գոլունով, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով:

Ոստիկանությունը պնդում է, թե հետաքննող լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները:

Այսօր՝ կալանքի հարցով դատական նիստից առաջ, լրագրողը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Պաշտպանների խոսքով, բժիշկները նրա մոտ կասկածում են գլխուղեղի ցնցում և կողերի կոտրվածք: Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ երեկ՝ ձերբակալությունից հետո, լրագրողը դաժան ծեծի է ենթարկվել քննչական մեկուսարանում, սակայն իրավապահները թույլ չեն տվել, որ բժիշկները նրան օգնություն տրամադրեն:

Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են, թե գործը շինծու է, և լրագրողը պատժվում է իր մասնագիտական գործունեության համար:

Այսօր, մինչ դատարանը քննում էր նրա կալանքի հարցը, տասնյակ լրագրողներ դատարանի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «Ես Իվան Գոլունովն եմ, ձերբակալեք ինձ» պաստառներով: