Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Այդ մասին վարչապետն ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
«Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերություններում, և այդ պատճառով այն քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այս հարցի բոլոր նրբությունները», - ասել է Փաշինյանը, ընդգծելով՝ անհրաժեշտ է գազի այնպիսի գին որոշել, որը չի կոտրի Հայաստանում արձանագրված տնտեսական աճի դրական դինամիկան:
«Ինչպես ես ասացի երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական առաջընթացի շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, և շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը», - ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:
«Կարծում եմ՝ կկարողանանք ընդհանուր լեզու գտնել, չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել է Հայաստանի վարչապետը:
Գազի գնից բացի, ըստ Փաշինյանի, երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանին ռուսական զինամթերքի մատակարարման հարցը:
«Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում, և իհարկե, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունենք, և ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համաչափ», - ռուսաստանյան գործակալությանն ասել է Փաշինյանը:
Պատասխանելով հարցին՝ քննարկվել է արդյոք Հայաստանին նոր «Իսկանդերներ» մատակարարելու հարցը, վարչապետը պատասխանել է․ - «Մենք արդեն իսկ բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց նախատեսում ենք էլի ինչ-որ բան ստանալ»:
Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը, Փաշինյանը չի մանրամասնել, բայց ակնարկել է՝ «խոսքը փոքր բանի մասին չէ»:
Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո՝ այսօր արդեն, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովում՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Մոլդովայի նախագահների հետ:
Դիմելով աշխարհի տասնյակ երկրներից եկած գործարարներին ու պաշտոնայներին՝ վարչապետը պնդեց՝ աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանի խնդիրները ստիպո՛ւմ են Հայաստանին տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունն ապահովել պետական արդյունավետ կառավարման միջոցով: «Մեզ արդեն հաջողվել է զգալի արդյունքների հասնել», ֊ հայտարարեց Փաշինյանը, մանրամասնելով՝ արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, նվազագույնի է հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիայի գործունեությունը, բայց կա հիմնարար խոչընդոտ՝ դատական իշխանությունը: Երևանում արդարադատության համակարգի վերաբերյալ իր հայտնի ելույթից շաբաթներ անց՝ այսօր արդեն Փաշինյանը միջազգային հարթակից պնդեց՝ իշխանության այդ ճյուղը, ի տարբերություն մյուսների, չի բարեփոխվում, և խոչընդոտում է երկրի զարգացմանը:
«Կապիտալը պաշտպանելու, տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձևավորելու մեր բոլոր ջանքերը ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։ Այդ իսկ պատճառովիրապես անկախ դատական իշխանության ստեղծումը, որը զերծ կլինի կոռուպցիայից ու քաղաքական ներգործությունից, այսօր հրատապ խնդիր է մեր հասարակության համար ու գերակայություն՝ կառավարության բարեփոխումների ռազմավարության շարքում», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է հնարավորինս խորացնելհամագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ընդարձակել կապերն ու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ կազմում:
«Դա, սակայն, չի հակասում Եվրամիության հետմեր հարաբերություններին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ լավ կլինի, որ Եվրամիության հետ հարաբերությունները նաև Եվրասիական տնտեսական միությունը խորացնի:
«Ես հեռանկարային եմ համարում Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, եթե ոչ մոտ ապագայում, ապա միջնաժամկետ կտրվածքով այդպիսի համագործակցությունը լիովին հնարավոր և նույնիսկ՝ անխուսափելի է» ֊ նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ իրկառավարությունը երկյրի տնտեսական զարգացումը տեսնում է ինովացիոն տեխնոլոգիների և մարդկային ներուժի մեջ: Ելույթի վերջում, դիմելով արդեն 20 տարի անցկացվող տնտեսական համաժողովի հյուրերին, վարչապետը կոչ արեց՝ «եկեք Հայաստան, ավելացրեք ձեր կարողությունն ու հարստացրեք մեր երկիրը»: