ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա․ Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական համագործակցության ծրագիր այս պահին չկա, ապագային միտված համագործակցության ծրագիր նույնպես չի մշակվում, իսկ օրերս էլ կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը զուրկ էր քաղաքական օրակարգից, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ասեմ, որ որևէ քաղաքական օրակարգ այդ հանդիպման ժամանակ չի եղել՝ ինձ հայտնի տեղեկությունների շրջանակում, որևէ քաղաքական օրակարգ մեր թիմերի միջև ապագայի հանդեպ համագործակցային ծրագրերի մշակման տեսակետից այս պահին գոյություն չունի», - հայտարարեց Աշոտյանը: ֊ «Եվ նորից կրկնեմ՝ ՀՀԿ սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված էր բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի հարուցել, չկա այդ գործընթացը՝ կա ցանկություն, կա ինտերվյու, կա խոսք: Պրոցես չկա, ծրագիր չկա: Այս ընթացքում մենք, եթե պետք է եղել, նաև խոսել ենք իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր քաղաքական խնդիրների մասին: Իհարկե, եթե ունենանք ընդհանուր մտահոգություն, տեսլական կամ պատկերացումներ ապագայի մասին պատրաստ ենք խոսել, համագործակցել տարբեր քաղաքական դերակատարների հետ»:

Մայիսի 25-ին հայտնի էր դարձել, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել նախկին նախագահները՝ կարծիք հայտնելով, որ «ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»:

Հայաստանում գրեթե քսան տարի իշխած, անցած տարվա թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած, իսկ նախորդ՝ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների արդյունքում անգամ Ազգային ժողով չանցած Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը այսօրվա իր խոսքի գերակշիռ մասը ուղղեց Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ․ - «Իրականության մեջ այս կառավարությունը ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ: Այս կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ և այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսևորվում է գրեթե յուրաքանչյուր շաբաթ, այլ նաև խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ»:

Աշոտյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին՝ ձգտում է երկրում հասնել տոտալ իշխանության․ - «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նա ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ նա ուզում է տոտալ իշխանությունը»:

ՀՀԿ փոխնախագահը ամփոփեց՝ «Ներկա իրողությունները կտրուկ իջեցրել են Հայաստանի դիմադրողականությունը արտաքին ագրեսիվ ազդակների հանդեպ»:

Հայաստանի դիմադրողականության անկումից խոսող Աշոտյանին հիշեցրեցինք 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատությունը Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հասցեին․-«Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»:

Ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրից ավելի մարդկային զոհեր և 800 հեկտար տարածքային կորուստ:

«Այո, ապրիլյան պատերազմը մերկացրեց նաև բանակում եղած բազմաթիվ խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր պատերազմ մերկացնում է յուրաքանչյուր երկրի բանակի խնդիրները», - պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:

«Ազատության» ճշտող հարցին՝ ո՞վ պատասխան տվեց այդ խնդիրների համար, Աշոտյանը հիշեցրեց՝ «եղան բազմաթիվ պաշտոնանկություններ»:

ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք՝ խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո, ի՞նչ հետևություն են արել ՀՀԿ-ում և եթե արել են՝ կարո՞ղ է ներկայացնել գեթ մեկը․ - «Գուցե չերչիլյան հնչի, բայց՝ երբեք մի ընկճվիր»:

Եվ, միգուցե, ամենահետաքրքիրը՝ Արմեն Աշոտյանը հարցրե՞լ է ՀՀԿ առաջնոդին՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը անցած տարի ապրիլին իր հրաժարականի հայտարարության մեջ գրելով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի», և եթե հետաքրքրվել է, ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը: - «Այո՛, հարցրել եմ, այո՛, լսել եմ, ո՛չ՝ չեմ պատմի», - պատասխանեց նա: