Հրաժարական են տվել արդարադատության նախարարը և ԲԴԽ նախագահը

Այսօր իրար հետևից հրաժարական ներկայացրեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Երկուսն էլ նախընտրեցին պաշտոնը թողնելու մասին հայտնել ֆեյսբուքյան գրառումներով:

Ավելի քան մեկ տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զեյնալյանը, ըստ էության, չի պատճառաբանել իր հրաժարականը, միայն գրել է․ - «Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար»:

Զեյնալյանի խոսնակը չմեկնաբանեց նրա հրաժարականը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ենթադրում է՝ նախարարի հրաժարականը կապ ունի դատաիրավական համակարգի խնդիրների հետ․ - «Ես ինչքան որ կարդացի՝ չկար որևէ հիմնավորում հրաժարականի մասին, բայց որ դատաիրավական բարեփոխումները իրապես մենք ուշանում էինք հեղափոխությունից հետո և կտրուկ փոփոխությունների հետ կապված նաև մոտեցումները մենք չէինք տեսնում, դա փաստ է: Տեսնենք, թե հետո ում են նշանակելու և արդյոք այդ նոր նշանակվողը պետք է կարողանա որդեգրի արմատական և կտրուկ փոփոխությունների այդ վարքագիծը»:

Իսկ ահա մեկ տարի առաջ Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրված և այդ կառույցի ղեկավար Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո որպես խորհրդի ամենաավագ անդամ ԲԴԽ ղեկավարի պաշտոնը երկու շաբաթ զբաղեցրած Գևորգ Դանիելյանը, գրել է․ - «Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները»։

Դանիելյանը խորհրդին խնդրում է իր լիազորությունները դադարած համարել հունիսի 10-ից և նշում, որ չի մասնակցի իր հրաժարականի դիմումի քննարկմանը:

Ուշագրավ է, որ մայիսի 24-ին ԲԴԽ ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գագիկ Հարությունյանը, ով մինչ այդ շուրջ երկու տասնամյակ եղել էր Սահմանադրական դատարանի նախագահը, ուղղակիորեն չէր պարզաբանել իր հեռանալու պատճառը:

Հարությունյանի, Դանիելյանի և Զեյնալյանի հրաժարականները տեղի ունեցան Հայաստանում դատական համակարգի և դատավորների վեթինգի մասին այս օրերին ընթացող ակտիվ քննարկումների և անցումային արդարադատության վերաբերյալ նախաձեռնությունների մշակման ֆոնին: Գագիկ Հարությունյանի հրաժարականից չորս օր առաջ, հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության և դատավորներին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին կոշտ ելույթով:

Գևորգ Դանիելյանի հրաժարականը իրավապաշտպան Սաքունցը որակում է որպես պարկեշտ արարք և ընդգծում՝ նա, ըստ էության հաստատեց այն տեսակետը, որը գոյություն ունի հասարակության մեջ այդ համակարգի նկատմամբ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ ԲԴԽ-ն պետք է լուծարվի և որ այս հրաժարականները դրան են տանում․ - «Ես ունեի շատ տեղեկություններ հենց այդ շրջանում, երբ այն ձևավորվում էր: Մենք նույնիսկ հրապարակումներ ունենք, և գիտեմ, որ անցնող դատավորների ցուցակը անպայման Սերժ Սարգսյանն է հաստատել: Եվ հիմա իրավիճակն այնքան է փոխվել, որ մարդիկ երևի իրենք հասկանում են, որ պետք է հրաժարական տան»:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտնելով․ - «Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին, ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հունիսի 20-ի նիստում։

Բեքմեզյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, Փաստաբանների պալատի անդամ: Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը նախքան Հարությունյանի և Դանիելյանի հրաժարականները ուներ 9-ը անդամ, որից հինգին ընտրել էր Ազգային ժողովը, չորսին էլ դատավորների ընդհանուր ժողովը: Ընթացակարգի համաձայն, մինչև նոր նախագահի ընտրությունը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կստանձնի խորհրդի անդամներից ավագը, որը Սերգեյ Չիչոյանն է: ԲԴԽ նախագահին ընտրում են խորհրդի անդամները: