Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը այսօր հրաժարական է ներկայացրել:
ԲԴԽ-ին ուղղված հրաժարականի տեքստում, որը Դանիելյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես ասված է․ - «Խնդրում եմ <...> ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել»:
«Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները», - նշում է Դանիելյանը:
Նա նաև հայտնում է, որ զբաղվելու եմ գիտակրթական գործունեությամբ, ընդգծելով․ - «Գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ»:
Գևորգ Դանիելյանը, որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում էր մայիսի 24-ից՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:
Տե՛ս նաև այստեղ