Թերեզա Մեյը այսօր հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կներկայացնի, ինչպես և խոստացել էր: «Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից ես փորձեցի իրագործել Եվրամիությունից դուրս գալու՝ հանրաքվեով հաստատված որոշումը, բայց, ցավոք, չկարողացա: Երախտապարտ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց ծառայել այն երկրին, որը սիրում եմ», - հայտարարել էր Մեյը շաբաթներ առաջ:

Ո՞վ է հիմա հավակնում առաջնորդել Մեծ Բրիտանիան երկրի համար դժվարին այս փուլում, երբ Եվրամիությունից ապահարզանին մնացել են հաշվված ամիսներ, սակայն հիմնարար պայմանները դեռ չեն համաձայնեցվել: Հավանական թեկնածուների տասնյակը, ըստ սոցիոլոգիական հարցումների, գլխավորում է Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար 54-ամյա Բորիս Ջոնսոնը, ով ժամանակին առաջնորդում էր Եվրամիությունից դուրս գալու արշավը:

Այսօր էլ՝ պատասխանատու այդ պաշտոնում առաջադրվելիս, Ջոնսոնը պնդում է՝ Միացյալ Թագավորությունը կլքի եվրոպական ընտանիքը հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց դրա: «Եկել է ժամանակը, որ մենք հավատանք մեր ուժերին և վստահ լինենք, որ կարող ենք իրագործել այդ որոշումը», - հայտարարում է Ջոնսոնը:

Թեկնածուների շարքում մյուս ֆավորիտը, ըստ սոցիոլոգիական հարցումների, Մեյի կաբինետում Բրեքզիթի հարցով նախկին նախարար 45-ամյա Դոմինիկ Ռաաբն է, ով այդ պաշտոնը զբաղեցնելուց հինգ ամիս անց հրաժարական ներկայացրեց՝ պնդելով, թե վարչապետի առաջարկած ծրագիրը չէր համապատասխանում այն խոստումներին, որ տվել էր Պահպանողական կուսակցությունը 2017-ի ընտրություններում: Օրեր առաջ BBC-ին տված հարցազրույցում Ռաաբը պնդել էր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում առաջին իսկ օրից կվերսկսի բանակցությունները Եվրամիության հետ՝ ապահարզանի առավել նպաստավոր պայմաններ կորզելու համար:

Վարչապետի հավանական մյուս թեկնածուն Մեծ Բրիտանիայի բնապահպանության նախարար 51-ամյա Մայքլ Գոուվն է, ով համարվում է Մեյի կաբինետի ամենաարդյունավետ անդամներից մեկը: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Գոուվը պնդում է՝ ավելի լավ է հետաձգել Բրեքզիթը, քան հապշտապ բաժանվել՝ առանց ապահարզանի մասին հստակ համաձայնագրի: «Բրիտանացիները մեզ շատ հստակ առաջադրանք են տվել, և ես գիտեմ, որ մենք կաշխատենք սթափ, միմյանց հետ համագործակցելով և փոխադաձ համաձայնությամբ՝ ժողովրդից ստացած այդ հանձնարարությունը իրագործելու համար», - վստահեցնում է նա:

Ներկայացնելով սոցիոլոգիական հարցումների վերջին արդյունքները՝ բրիտանական լրատվամիջոցները, միաժամանակ, փաստում են՝ անակնկալները բացառված չեն. հնարավոր է, որ մրցավազքն ի վերջո առաջնորդի բոլորովին այլ թեկնածու:

Պաշտոնապես ընտրության գործընթացը կմեկնարկի առաջիկա երկուշաբթի, երբ կսկսվի թեկնածուների առաջադրումը: Հետո արդեն հավակնորդները պետք է, այսպես ասած, քննություն հանձնեն Պահպանողական կուսակցության պատգամավորների առջև: Խմբակցության ներսում կայանալիք ընտրական մի քանի փուլերից հետո, երբ կմնան ընդամենը երկու մրցակիցներ, քվեարկությանը կմիանան արդեն Պահպանողական կուսակցության շարքային անդամները՝ ողջ երկրով մեկ: Ակնկալվում է, որ գործընթացը կշարունակվի ավելի քան մեկ ամիս, և ըստ կանխատեսումների՝ հուլիսի 23-ին արդեն պարզ կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը: