«Մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանը մրցունակ պետություն դարձնելն է». Նիկոլ Փաշինյան

«Մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանը մրցունակ պետություն դարձնելն է՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգային առումով», - երեկ Սանկտ Պետերբուրգում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ :

Եվրասիական տնտեսական միության տարածքում Հայաստանն ամենամեծ տնտեսական աճի ցուցանիշն ունի, ասել է վարչապետը՝ նշելով՝ առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանը 7,1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ ունի։

«Ապրիլ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս։ Իհարկե սա չի նշանակում, որ տնտեսապես ամեն ինչ լավ է, ամեն ինչ փայլուն է, բայց սա նշանակում է, որ այն գաղափարը, որ մենք դրել ենք պետության զարգացման հիմքում, էդ գաղափարը սկսել է աշխատել», - ասել է գործադիրի ղեկավարը՝ շարունակելով. - «Ո՞րն է այդ գաղափարը՝ որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական գործունեության ազատ դաշտ. յուրաքանչյուր հայ, ով ուզում է Հայաստանը շենացնելու, հարստանալու և հարստացնելու գործում ներդրում ունենալ, այդ հնարավորությունը պետք է ստանա, և այդ հնարավորություններն արդեն Հայաստանի Հանրապետությունում իհարկե կան»։

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանին այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները։

«Աշխարհագրական առումով, տարբեր առումներով՝ և՛ շուկայի ծավալի առումով, և՛ լոգիստիկայի առումով, իհարկե, Հայաստանում պատմականորեն պայմանները փայլուն և անթերի չեն, բայց սա, կարծում եմ, առավել հետաքրքիր է դարձնում Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելը, որովհետև ընդհանրապես մեր մտածողության մեջ, կարծում եմ նաև հեղափոխությունից հետո և հեղափոխության ընթացքում ի՞նչը փոխվեց, փոխվեց հետևյալը՝ մեզ այլևս հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները: Մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք, և այդ խնդիրներից կարևորագույնը Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է, ինովացիոն երկիր դարձնելն է, Հայաստանը մի երկիր դարձնելն է, ով լուծում է խնդիրներ, որոնք համընդհանուր գնահատմամբ անհնարին են», - ասել է վարչապետը։