Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Օրերս ձերբակալված, հունիսի 6֊ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։

Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանն այսօր դատարանի միջանցքում ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարեց՝ մեղադրանքը չի ընդունում։

Դատարանում Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը լրագրողներին ասաց, որ գործում վկաներից մեկը պատմել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարը՝ այսինքն Զաքար Հովհաննիսյանը, հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա։ ֊ «Իբրև թե նա փորձել է հարվածել, սա էլ իբրև թե կրակել է։ Այսինքն վկան ցուցմունք է տալիս, որ ասում է՝ «ես տեսա՝ ուզում էր խփեր գլխին, արդեն պիտի խփեր գլխին, էդ պահին կա՛մ նա պիտի խփեր նա մահանար, կա՛մ սա պիտի կրակեր», - ասաց Գևորգյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը իրավաչափ չէ։ Ըստ պաշտպանի՝ դատաձգաբանական փորձաքննություն չի արվել և հայտնի չէ, թե ինչ ատրճանակի մասին է խոսքը, զենքն էլ հայտնաբերված չէ։

«Ասում են ատրճանակով կրակել է, բայց այդպիսի ատրճանակ չկա, հայտնաբերված չի, նաև պարկուճը, գնդակը հայտնաբերված է, հայտնաբերվելուց հետո փորձաքննություն չի նշանակվել, բերեն զենքը հայտնաբերեն, բերեն նույնականացում անեն, տեսնեն էդ զենքից կարո՞ղ էր կրակել էդ գնդակը, թե՞ ոչ և այլ լիքը հարցեր կան», - նշեց Վաղարշակ Գևորգյանը։

Պաշտպանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։