Վրաց փորձագետները «հաճելի անակնկալ» են որակում Հայաստանի պատվիրակության պահվածքը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկության արդյունքները, Նյու Յորք, 5-ը հունիսի, 2019թ․

«Հաճելի անակնկալ»` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը պահվածքն այսպես են բնութագրում վրաց փորձագետները:

Հիշեցնենք՝ այս շաբաթ ՄԱԿ-ում ներկայացված հայ դիվանագետները, առաջին անգամ 2008 թվականից ի վեր, որոշեցին չմասնակցել Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին նվիրված բանաձևի շուրջ քվեարկությանը: Նախորդ տարիներին Հայաստանը մշտապես դեմ էր քվեարկում Վրաստանի այս նախաձեռնությանը` արժանանալով թբիլիսյան քաղաքական և քաղաքագիտական շրջանակների կոշտ քննադատությանը:

Քաղաքագետ Գիորգի Գոբրոնիձեի համոզմամբ` Հայաստանի պատվիրակության վերջին քայլից հետո տրամադրությունները Վրատանում կարող են և փոխվել:

«Դա միանշանակորեն դրական փաստ է, քանի որ Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես քվեարկում էր Վրաստանի նախաձեռնության դեմ: Այդպես վարվելով` Հայաստանը, մի կողմից, իր հավատարմությունն էր ցուցադրում [Մոսկվային]` հանդես գալով հակառուսական բանաձևի դեմ: Մյուս կողմից, վրացական կողմի առաջարկած բանաձևին դեմ արտահայտվելով, հայկական կողմը պրագմատիկ մոտեցում էր ցուցաբերում` նախևառաջ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված խնդիրներից ելնելով», - նշում է թբիլիսցի փորձագետը` հավելելով. - «Այս անգամ, քվեարկությանը չմասնակցելով, Հայաստանը, մի կողմից, խուսափեց Ռուսաստանի հնարավոր դժգոհություններից, մյուս կողմից էլ, սակայն, հայերը իրենց զերծ պահեցին վրաց հանրության մի մասի քննադատությունից»:

Վրաստանի ներկայացրած «Բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին» բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի անդամ 79 պետություններ, 15 երկիր դեմ էր, ևս 57 պետություններ ձեռնպահ են քվեարկել: Վրաստանի ներկայացրած բանաձևին դեմ քվեարկած 15 պետությունների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սիրիան, Լաոսը, Վիետնամը, Մյանման:

ՄԱԿ-ի անդամ ավելի քան չորս տասնյակ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հանդես էին եկել որպես այս բանաձևի համահեղինակներ` այդպիսով ցանկանալով աջակցություն հայտնել պաշտոնական Թբիլիսիին:

«45 պետությունների համատեղ նախաձեռնությունն այս փաստաթղթին անհամեմատ ավելի ծանրակշիռ բնույթ է հաղորդում: Փաստաթուղթը դատապարտում է Վրաստանի [օկուպացված] տարածաշրջաններում իրականացված բռնի ժողովրդագրական փոփոխությունները և վերահաստատում է անխտիր բոլոր փախստականների` հայրենի օջախներ վերադառնալու իրավունքը: Այս փաստաթուղթը նաև գործնական բաղադրիչ ունի: Այն հանձնարարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ամեն տարի Վրաստանում փախստականների կացության վերաբերյալ հատուկ զեկույց նախապատրաստել», - Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: