Մեկնարկում է «Արամ Խաչատրյան» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը

15-րդ անգամ անցկացվող մրցույթին մասնակցում են 12 երիտասարդ դաշնակահարներ:

Այսօր հունիսի 6-ն է՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, և արդեն 15-րդ անգամ է հենց այս օրը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող գալա-համերգով մեկնարկում «Արամ Խաչատրյան» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը:

Մրցույթը հիմնադրվել է մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Միջազգային մրցույթին մասնակցել և մրցանակակիր են դարձել հետագայում մեծ ճանաչում գտած մի շարք երաժիշտ կատարողներ:

Մրցութային հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր տարի ընդգրկվել են անվանի երաժիշտներ աշխարհի ամենատարբեր երկրներից:

Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են կատարողական արվեստի որոշակի ճյուղի ներկայացուցիչներ: Այս տարի մինչև 30 տարեկան 12 երկրների դաշնակահարներ են մրցելու միմյանց հետ:

Մրցութային հանձնաժողովի նախագահն անվանի դաշնակահար, դիդրժոր Վահագն Պապյանն է:

Այսօր մրցույթի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահագն Պապյանը փոխանցեց, որ այս տարի ևս մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից, Չինաստանից, Շվեդիայից և Բելգիայից:

«Արամ Խաչատրյան» մրցույթն անցկացվում է երեք փուլով: 2-րդ և 3-րդ փուլերում մասնակիցները պիտի պարտադիր կատարեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մրցույթի հաղթողների և դափնեկիրների անունները հայտնի կդառնան հունիսի 14-ին կայանալիք փակման գալա-համերգի ընթացքում:

Վահագն Պապյանի խոսքով, հետևյալ սկզբունքով են գնահատվելու այս կամ այն մասնակցի կատարողական ձեռքբերումները․ - «Բացի մասնագիտական չափանիշներից, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր ժյուրիի անդամ, յուրաքանչյուր փորձառու երաժիշտ, սկզբունքը մեկն է՝ արդարություն և անաչառություն: Ուրիշ սկզբունք ես չգիտեմ»:

Մրցույթի կազմակերպիչ, «Արամ Խաչատրյան» մրցույթ-հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանն ասաց․ - «Իհարկե այսպիսի մեծ միջոցառում կազմակերպելը հեշտ չի: Խնդիրներին մոտենում ենք մեր մեծ թիմով, որ կարողանանք պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը: Բայց ես կուզենայի առանձնացնել այս տարիների ընթացքում հենց Համաշխարհային ֆեդերացիայի անդամակցությունը, քանի որ շատ լուրջ կառույց է և ունի շատ հստակ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի յուրաքանչյուր մրցույթ, որն ուզում է դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ: Մենք մոտ վեց ամիս աշխատում էինք այդ գործընթացի վրա, և այսօրվա դրությամբ մենք ունենք մրցույթ, որը որ ընդունվում է այդ ֆեդերացիայի կողմից: Եվ յուրաքանչյուր տարի հանձնված մեր հաշվետվությունը, որը կապված է մրցույթի անցկացման կարգի և բոլոր միջոցառումների հետ, միշտ արժանանում է շատ բարձր գնահատականի, ինչը շատ հաճելի է»:

Այսօր մրցույթի բացման գալա-համերգի ընթացքում մեր երաժշտասերներին, ի թիվս այլ ուշագրավ գործերի, պրեմիերա է սպասվում:

Ներկայացնում է Աննա Տեր -Հովակիմյանը․ - «Գեորգ Պելոսիսը՝ հայտնի կոմպոզիտոր, որը ուսանել է Արամ Խաչատրյանի դասարանում, գրել է հատուկ ստեղծագործություն, որը նվիրված է Խաչատրյան տրիոյին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և այսօր կհնչի այդ պրեմիերան: Հատկանշական է, որ այս տարի Խաչատրյանի մրցույթը տոնում է իր տասնհինգամյակը, Խաչատրյան տրիոն տոնում է իր քսանամյակը, և այսօր այդպիսի մեծ տոնակատարություն է լինելու: Նաև շատ շնորհալի, տաղանդավոր դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա այսօր Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտով»: