Ճապոնիայի վարչապետն առաջիկայում կմեկնի Իրան

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջիկայում կմեկնի Իրան, որտեղ ի շարս այլ հարցերի կքննարկի Իրանի և Միացյալ Նահանգների սրված հարաբերությունները մեղմելու համար միջնորդելու հնարավորությունը:

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբեն հունիսի 12-14-ը կլինի Իրանում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:

Դա կլինի անցած չորս տասնամյակների ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցը Թեհրան:

Տոկիոն Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից է և միաժամանակ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Ամերիկան նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել 2015 թվականին Իրանի և միջազգային գերտերությունների ստորագրած միջուկային համաձայնությունից և վերականգնել ու խստացրել է տնտեսական պատժամիջոցները:

Անցյալ ամիս այցելելով Ճապոնիա՝ նախագահ Թրամփն ընդունելի է համարել Վաշինգտոնի և Թեհրանի հակամարտությունը կարգավորելու հարցում Տոկիոյի միջնորդության հնարավորությունը:

«Դա շատ լավ կլիներ, ոչ ոք չի ցանկանում սարսափելի զարգացումներ տեսնել, մանավանդ ես», - ասել է Թրամփը:

Այս ամսվա ընթացքում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այցելել է Տոկիո, որտեղ ասել է, թե «անհրաժեշտ են հուսալի միջազգային ջանքեր միջուկային համաձայնությունը փրկելու համար»: