Վարչապետը շնորհավորել է շվեդ պաշտոնակցին Ազգային տոնի առթիվ

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետ Չելլ Ստեֆան Լյովենին երկրի Ազգային տոնի առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար։ Մեծապես արժևորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարևոր ոլորտում։ Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։

Շվեդիայի Ազգային տոնի առթիվ թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը: