«Սասնա Ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում ցուցմունք տված երեք վկաներից մեկը՝ ոստիկան Համլետ Ղուկասյանը, ասաց, որ իր կարծիքով այդ օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մեքենայի վրա կրակել են ՊՊԾ գնդի տարածքից:
Պատմեց՝ Տիգրան Մեծից Խորենացի փողոց գնալիս իրենց հետևից ընթացել է «Հունդայի» մակնիշի մեքենա, ներսում՝ Յուրի Տեփանոսյանը։ 2-3 կրակոց են լսել հետո մեքենայից դուրս է եկել ոստիկաններից Մհեր Չիլինգարյանը, հարվածել իրենց զրահապատ մեքենային ու ասել՝ «արագ քշեք, կրակում են»
«Իմացանք, որ գլխի հատվածում կրակոցից Յուրի Տեփանոսյանը մահացել է։ Ինձ թվում է, կրակոցը ՊՊԾ գնդի կողմից էր։ Մեր կանգնած տեղը էդ մի պահը, որ կանգնել էինք, ՊՊԾ գնդի տարածքից մոտ 200-300 մետր հեռավորության վրա էր գտնվում», - նշեց Չիլինգարյանը։
Այս գործով անցնող մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանը, դիմելով ոստիկան Համլետ Ղուկասյանին, ասաց՝ 2008-ի մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով։ Հարցրեց՝ երբևէ այս ոստիկանների կողմից նկատե՞լ են ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու, ցուցմունք կորզելու դեպք: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցը հանեց՝ գործի հետ առնչություն չունենալու հիմնավորմամբ: Դատավորի և ամբաստանյալի միջև վիճաբանություն սկսվեց, դատավորը մեկ նախազգուշական սանկցիա կիրառեց Կյուրեղյանի նկատմամբ:
Հետո վիճաբանություն սկսվեց դատավորի, մեղադրող դատախազի ու այս գործով անցնող մեղադրյալ Պավլիկ Մանուկյանի միջև: Վկաներից՝ ոստիկան Հենրիկ Մուշեղյանն ասաց, որ ՊՊԾ գնդի տանիքին մարդ չի տեսել, այն ինչ նախաքննական ցուցմունքում գրել էր, որ տանիքը տեսանելի է եղել: Դատավորը հարցրեց՝ ցուցմունքում գրել եք, որ ամեն ինչ տեսանելի է եղել, հիմա ասում եք բան չե՞ք տեսել:
Վկային հարց ուղղեց նաև մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը, ասաց՝ ցուցմունքը ձեր բառերո՞վ եք գրել։ Երբ Մանուկյանը շարունակեց հարցը, դատախազը տեղից առարկեց՝ պնդելով, որ բարձր տոնայնությամբ, հանդիմանական տոնով ճնշում է գործադրվում վկայի վրա: Պավլիկ Մանուկյանը վրդովվեց: Դատարանը Մանուկյանին 15 ժամով հեռացրեց դահլիճից։
«Ես ոչ մեկին էլ չեմ հանդիմանել, ոչ էլ պատրաստվում եմ հանդիմանել, բացի քեզանից», - ասաց Մանուկյանը։
Ի դեպ, նախորդ նիստին հարցաքննվել են տուժողները: Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը դատարանում պնդել է, որ իր որդուն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամները չեն սպանել, այլ ոստիկանները: Իսկ ահա նրա հարսը՝ հանգուցյալ Տեփանոսյանի կինը, հակառակն է պնդում:
«Սասնա Ծռեր»-ից այս պահին կալանքի տակ են երկուսը՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Հեղափոխությունից հետո մյուսների խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ ստորագրությամբ չհեռանալը:
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան՝ Յուրի Տեփանոսյանը, Արթուր Վանոյանը և Գագիկ Մկրտչյանը: