Ուկրաինայի նախագահը խոստանում է հանրաքվեի դնել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Ուկրաինայի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելի մարզասրահներից մեկում՝ մարզական հեծանիվ վարելով:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի և Եվրամիության առաջնորդների հետ իր բանակցություններին՝ Վլադիմիր Զելենսկին պնդել է՝ Կիևը հաստատակամ է շարունակել ճանապարհը եվրատլանտյան կառույցներին անդամակցելու ուղղությամբ: - «Մենք գնում ենք դեպի Եվրոպա, դա ամրագրված է նաև մեր Սահմանադրությամբ», - ասել է նորընտիր նախագահը, հավելելով․ - «Մենք Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու կբացատրենք՝ ինչ է ՆԱՏՕ-ն, և երբ պատրաստ կլինենք անդամակցության, այդ հարցը կդնենք հանրաքվեի»:

Հարցազրույցը, որի ընթացքում Զելենսկին խոսել է նաև օլիգարխների ու տնտեսական հարցերի մասին, հեռարձակվել է Ուկրաինայի առաջատար հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում: