«Դատարանների դռները արգելափակել եմ՝ ցույց տալու համար, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»․ Փաշինյան

«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները կասկածներ չհարուցեն և հանրության մեջ ցնցումներ չառաջացնեն», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ իրեն խամաճիկային դատարան պետք չէ, այդպիսի դատական համակարգն արդեն գոյություն ունի, սակայն իր ցանկությունն է ունենալ արդար ու վստահելի դատարաններ:

Ըստ Վարչապետի, այսօր դատական իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտմիության խնդիր ունի, համակարգում կա ճգնաժամ, ինչն արձանագրվեց հենց տարբեր ատյանների իրար դեմ ուղղված հայտարարություններով, մասնավորապես, վճռաբեկ դատարանը հայտարարություն արեց Սահմանադրական դատարանի դեմ, դատարանների խորհուրդը՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ և այլն։

Ինչ վերաբերում է դատարանների մուտքերը արգելափակելու հայտնի որոշմանը, որը քննադատվեց ընդդիմադիրների կողմից, Փաշինյանը շեշտեց՝ այդ հայտարարությունն արել է՝ ցույց տալու համար, որ ինքը չի միջամտում դատական իշխանությունների աշխատանքին։

«Ամենամեծ պրոբլեմը ինձ համար, որպես վարչապետ, հենց առաջին օրից գիտե՞ք որն է, ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում և չեմ միջամտել, բայց ամբողջ խնդիրն այն է՝ մեկին բռնում են, ամբողջ մամուլն ու սոցիալական ցանցերը գրում են, որ վարչապետը էս ինչի՞ որոշեց էս ինչին բռնի։ Ինչ-որ մեկին բաց են թողնում, ամբողջ քննարկումն այն է, թե վարչապետն ինչի որոշեց էս ինչին բաց թողնել, էս ի՞նչ խաղեր են տալիս։ Պրոբլեմն այն է, որ ինչ կատարվում է, այդ թվում՝ դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության սլաքները էլի ուղղվում է ինձ վրա։ Այո, որովհետև չնայած ես ասել եմ, ոչ միայն ասել եմ, օրինակ եմ ծառայել և այլն, բայց դա չի օգնում։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ անհեթեթ իրավիճակ է, ես ոչ մի առնչություն չունեմ որոշումների հետ և էդպես դե յուրե ճիշտ է, էդպես պետք է լինի և, ըստ էության, դու մնում ես քո սահմանադրական լիազորությունների շրջանակում, բայց կապ չունի՝ և՛ համակիրներն են ասում քեզ՝ «էս ի՞նչ խաղեր եք տալիս, բաց թողեցիք հա՞», և՛ ընդդիմությունն է ասում՝ հրահանգեց։ Հնարավոր չի այս պայմաններում», - նշեց Փաշինյանը։

«Ազատության» դիտարկմանը՝ քննադատեցին դատարանները արգելափակելու կոչը, Փաշինյանն արձագանքեց. «Դատարանները արգելափակելու որոշումը կապված էր, դա ի ցույց դնելն էր, որ էս դատական համակարգի որոշումների հետ ես ոչ մի կապ չունեմ, ժողովուրդ ջան։ Մեզ պետք չի, ինձ պետք չի մարիոնետային դատարան, ժողովուրդ ջան։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ դատական համակարգը պատրաստի դրած էր, ես ինչի՞ եմ դատարանների դռները արգելափակել, ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ։ Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»։

Դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն տեսնող Փաշինյանը շեշտեց՝ առանց դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացման չեն կարող ունենալ անկախ դատական համակարգ: Դատավորների աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն, ըստ վարչապետի, կառավարությունն ունի, սակայն ժողովուրդն իրենց այս քայլը չի ընկալի՝ հաշվի առնելով սոցիալական խնդիրների առկայությունը: Հետևաբար, Փաշինյանի փոխանցմամբ, ծրագրում են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որի դատավորները, միջազգային դոնորների օգնությամբ, կկարողանան բարձր աշխատավարձեր ստանալ և անաչառ քննություններ իրականացնել:

«Մեր միջազգային գործընկերների հետ շփումների մեջ ենք։ Մենք իրանց ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ «ժողովուրդ, մենք հիմա չենք կարող դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացնել»։ Հիմա եթե միջազգային հանրությունը, մեր գործընկերները մեզ աջակցեն, որպեսզի երեք տարվա կտրվածքով մենք նոր դատական, օրինակ, հակակոռուպցիոն դատարան ստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ-որ ձև գտնենք, բարձր աշխատավարձերով նոր, լուրջ մասնագետներ ներգրավենք, որոնց վստահելիությունը վեթինգով, ունեցվածքով կլինի բարձր։ Երեք տարի՝ հանրությունն էլ տեսնի, ընդդիմութունն էլ, իշխանությունն էլ, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, բոլորին, տնտեսությանը, երեք տարի հետո մենք արդեն մարդկանց կարող ենք բացատրել՝ էդ երեք տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք, կասենք՝ «ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսեկան, օրինակ, 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ։ Դա մեզ է պետք, ձեզ է պետք, բոլորին, ոչ թե իշխանությանը կամ ընդդիմությանը»։ Էն դատական համակարգը, որը իշխանությանն է պետք, այսօր արդեն կա», - ընդգծեց վարչապետը։

«Ազատության» հարցին՝ իսկ այդ ֆինասները հնարավոր կլինի՞ գտնել, ունե՞ն պայմանավորվածություն, պատասխանեց. «Խնդիրը քննարկել ենք մեր միջազգային գործընկերների հետ, նրանք ի գիտություն են ընդունել սա, բայց հիմա այդ աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի նրանք այդ աջակցությունը Հայաստանին ցուցաբերեն։ Մեզ պետք է միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող դատարան, որի վճիռը ոչ մեկի մտքով չանցնի, որ էս վարչապետը սենց ուզեց, էս մեկին բաց թողեց, էն մեկին բաց թողեց»։