Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով վարույթ է հարուցվել

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով վարույթ է հարուցվել, «Ազատության»-ը տեղեկացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում վարույթը հարուցվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Փաստերի ստուգման հարթակում օրերս հրապարակվեց Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ հետաքննություն։ Հետաքննության հեղինակ, հետաքննող լրագրող Հարություն Ծատրյանը պնդում է, թե Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրի տվյալները կեղծ են։ Մասնավորապես, հետաքննության մեջ ասվում է, որ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված, 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։

Ըստ հետաքննության՝ իրականում պաշտոնը ստանձնելիս Սիմոնյանն ունեցել է 2011 թվականի արտադրության MITSUBISHI ASX մակնիշի մեքենա։