ԱԱԾ-ից նյութերի անհետացման փաստով քրեական գործ դեռ չի հարուցվել. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ-ից անհետացած նյութերին, հայտարարեց՝ գիտի, թե դրանք ինչ նյութեր են։

«Իհարկե գիտեմ, թե դրանք ինչ նյութեր են», - ասաց Վանեցյանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ նյութերը վերաբերում են Մարտի 1-ին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Ես այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել»։

Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ նյութերի անհետացման փաստով քրեական գործ դեռ չի հարուցվել։ «Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ կասկած չմնա, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի։ Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում, Ազգային անվտանգության տեսչական և Ներքին անվտանգության վարչության կողմից, բայց, կարծում եմ, առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին և քննչական մարմինը պարզաբանումներ կտա», - ասաց Վանեցյանը։

Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել»։