Մարտի 1-ի գործով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը նախ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետևողական աշխատանքի արդյունք է, այսօր «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Պետրոսյանի ձերբակալությանն` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։
«Ես կարծում եմ, որ սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Բոլորս ենք հասկանում, չէ՞, որ վերջին տասը տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է որպեսզի հնարավոր բոլոր փաստերը կոծկվեն, և այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը և այս պայմաններում, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո բնականաբար շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։
Փաշինյանը նշեց՝ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։
«Քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք, մեղադրանք կառաջադրվի, թե՞՝ չի առաջադրվի, ո՞նց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և ակնհայտ է, որ քննությունը 2008 թվականի Մարտի 1-ից- 2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ կարծում եմ՝ դա ակնհայտ է», - ասաց վարչապետը։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Նա կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: