Ատելության որևէ դրսևորում, բռնության որևէ քարոզ, դեպք Հայաստանում տեղ չունի և պետք է տեղ չունենա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը բռնությունից զերծ երկիր է, այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խստորեն դատապարտեց բռնության որևէ դրսևորում՝ նշելով՝ ատելության որևէ դրսևորում, բռնության որևէ քարոզ, բռնության որևէ դեպք Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի և պետք է տեղ չունենա։

«Մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը։ Ե՛վ տրամաբանությունը, և՛ բռնության այն քարոզը, որը տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում, իմ գնահատմամբ, դրանք լուսանցքային երևույթներ են, ետցնցումային երևույթներ են, և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից, թե նրանք իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, նրանք դուրս են մղվելու Հայաստանի Հանրապետության հանրային և քաղաքական կյանքից», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Իհարկե այլ դեպքերում, երբ դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է և պրոցես է, այն դեպքում, երբ որ պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն այդ երևույթներին, դա բոլորովին այլ գործընթաց է, և այստեղ նաև խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ»։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել․ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում՝ խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում, ատելության որևէ դրսևորում, բռնության որևէ քարոզ, բռնության որևէ դեպք Հայաստանի Հանրապետությունում տեղ չունի և պետք է տեղ չունենա», - ասաց վարչապետը։

Երեկ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅ Դաշանակցության կողմնակիցներին իրեն ծեծի ենթարկելու մեջ։ «Ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու՝ սեփական անվտանգությունս ապահովելու համար», - հայտարարել էր Հարությունյանը։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. - «Մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»։

Ի դեպ, ֆեյսբուքում ֆլեշմոբ է՝ Մանուկյանից բացի նաև այլ դաշնակացկաններ են գրառումներ անում։