Աշխատել այնպես, որ փարատվեն հասարակության կասկածները, 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին հանդիպումից հետո խոստացավ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը: Հենց նա՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամն էլ ղեկավարելու է 11 անդամ ունեցող այս հանձնաժողովը։
Երեք տարի առաջ քառօրյա այդ պատերազմում և դրան հաջորդած օրերին հայկական կողմը 100-ից ավելի զոհ ու տարածքային կորուստ ունեցավ, ինչից հետո չմարեցին խոսակցությունները՝ զինվորները չեն ունել փամփուշտներ, տանկերը՝ դիզվառելիք, առաջնագիծը պատշաճ կահավորված չի եղել, հրամկազմն օպերատիվ չի արձագանքել հակառակորդի հարձակման մասին լուրերին:
«Թող ոչ մեկը չկասկածի, անկախ իմ նախկին պաշտոն զբաղեցրած լինելուց, տվյալ հանձնաժողովը լուծելու է խնդիր: Տա Աստված, որ այսօր հանձնաժողովի աշխատանքը արդեն ի սկզբանե կասկածի տակ դնողները, այ երբ որ պաշտոն ունեին, իրենց վրա դրված խնդիրները լիարժեք լուծեին՝ հաստատ այսպիսի հանձնաժողովի կարիք չէր լինի», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: - «Բայց քանի որ իրենք զբաղված էին այլ բանով՝ հարստանում էին, տներ էին սարքում, ամեն մի քարի մեջ մի հատ զինվորի ճակատագիր կա դրված: Այ դրա մասին պետք է մտածեին, որովհետև այս հանձնաժողովը կարող է նաև այդպիսի բացահայտումների էլ անցնի»:
Հանձնաժողովի օրակարգը հրապարակված է, մեկը հետևյալն է, օրինակ, ինչքանով են համարժեք ու օպերատիվ եղել հակառակորդի գործողությունների կանխմանը, նաև՝ խափանմանն ուղղված հրամանատարների որոշումները։ Անդրադարձ է կատարվելու այդ ժամանակվա հետախուզական գործունեության վիճակին, թիկունքային սպառազինությանը, մարտական պատրաստությանը ու էլի մի շարք հարցերի։
Հանձնաժողովն, ի դեպ, իրավունք ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, ընդհուպ՝ բարձրագույն սպայական կազմից, ինչպես նաև պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր։ Քոչարյանի խոսքով՝ թե՛ գործող, թե՛ նախկին պաշտոնյաներին կհրավիրեն հանձնաժողով։ Չբացառեց՝ նրանց շարքում կարող են լինել Հայաստանի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Բայց հաստատ է՝ կհրավիրեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, հենց նա էր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել՝ եղել են դեպքեր, երբ անորակ դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել:
Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ հարցեր կառաջանան, եթե նախկին պաշտոնյաները մերժեն հանձնաժողով գալու հրավերը․ - «Այսինքն՝ իրենք չեն ուզում, որպեսզի մենք մոտենանք ինչ֊որ բացահայտումներ, եթե դրանք կան, թե՞ ի սկզբանե ինչ֊որ բան այն չէ: Եթե ինչ֊որ բան այն չէ՝ ես ուզում եմ հասկանալ, 100-ից ավել մենք զոհ ենք ունեցել, այդտեղ մեղավորներ չկա՞ն»:
Քննիչ հանձնաժողովը նաև Արցախի գործընկերներին կդիմի՝ թե՛ պաշտոնյաներին հրավիրելով, թե՛ փաստաթղթեր պահանջելով: Քոչարյանն ասում էր՝ կհանդիպեն նաև զոհերի հարազատներին, նրանց ծառայակիցներին, չեն շրջանցի 800 հեկտար տարածքային կորստի հարցը:
«Մենք կաշկանդված չենք, գնալու ենք և հասնելու ենք՝ ինչքանով մեր ինտելեկտուալ և գործառնական ներուժը այդ հնարավորությունը կտա: Բայց եթե մեզ չհաջողվի շատ հեռուն գնալ, մենք կստեղծենք նաև այն հիմքը, որ հաջորդ եկողները կարող են վերցնել մեր եզրակացությունները և գնալ առաջ», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Այս հանձնաժողովի անհրաժեշտության մասին, հիշեցնենք, առաջինը հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»:
Հաջորդ նիստի օրը դեռ չի հայտարարվում, բայց հավաստիացնում են՝ այն չի ուշանա, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներից կազմված քննիչ հանձնաժողովը վեց ամիս դռնփակ կաշխատի:
«Կլինեն զեկույցներ: Հետո զեկույցները ինչ ընթացք կունենան՝ գուցե քրեական հետապնդման առիթ հանդիսանան, բայց դա արդեն մեր որոշելիքը չէ: Տվյալ հանձնաժողովը քննում է կոնկրետ դեպքը, կոնկրետ խորությամբ և իր հնարավորությունների շրջանակում», - նշեց քննիչ հանձնաժողովի նախագահը: