Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնում հեղափոխությունից հետո երկրորդ տնօրենն է նշանակվել. կրքերը այստեղ չեն խաղաղվում։
«Օրենքով պիտի պատժվի նա, ով չի գիտակցում, որ պաշտոնը գործիք չի անձնական հարցեր լուծելու համար», - ասում է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի նախկին փորձագետ Տաթև Համբարձումյանը:
Համբարձումյանը աշխատանքից մի քանի օր առաջ է ազատվել։ Ասում է նոր տնօրենը՝ Էսթեր Աբրահամյանը, պարբերաբար ստորացրել, նվաստացրել է իրեն, որպեսզի ինքնակամ հեռանա, ի վերջո՝ հեռացվել է մեկ օր բացակայելու համար։ Նախկին աշխատակիցը դիմել է բոլոր հնարավոր ատյաններին՝ վարչապետից մինչև պաշտպանի գրասենյակ, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. ասում է՝ տնօրենը ներխուժել է իր անձնական տարածք:
«Ինձ գործուղել է Նկարիչների միություն, և այդ օրը, երբ ես հիմնարկում չեմ եղել, գնացել է իմ աշխատասենյակ, միացրել է իմ համակարգիչը և ծաղկաքաղ է արել իմ անձնական նամակագրությունն ու հաջորդ օրը առավոտյան իմ ամբողջ նամակագրությունը հրապարակել է կոլեկտիվի մոտ», - պատմում է նախկին փորձագետը:
Կենտրոնի տնօրենը չի հերքում՝ աշխատակցի անձնական նամակները կարդացել է, բայց ճշգրտում է՝ դրանք աշխատանքային համակարգչի էկրանին էին, կարդացել է ակամա: Էսթեր Աբրահամյանն ասաց՝ պատրաստ է պատասխան տալ, եթե իր արարքում հանցակազմ կա, բայց ասաց գործից հեռացրել է ըստ օրենքի․ - «Աշխատանքից հեռացվել է անհարգելի բացակայության պատճառով, ես գործել եմ աշխատանքային օրենսգրքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում, ոչ մի տառ չեմ խախտել»:
Նախկին աշխատակիցը մտադիր է գնալ մինչև վերջ, նա պնդում է՝ կենտրոնում յուրայինների խումբ է գործում, ինքը վերջին օտարն էր։
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի ղեկավարը հիմնադրման օրից Շողիկ Ասոյանն էր: Թավշյա հեղափոխությունից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, 9 ամիս անց տնօրենի մրցույթից դուրս մնաց և նրան փոխարինեց էլի արվեստաբան-փորձագետ Էսթեր Աբրահամյանը:
Փորձագիտական կենտրոնը երբեմն-երբեմն հայտնվում է մութ սկանդալների էպիկենտրոնում։ Միջազգային աճուրդներում էին հայտնվում հայ անվանիներին վերագրվող կեղծված գործեր, դրանց կցված՝ այս կենտրոնի եզրակացությունը՝ թե, օրինակ, Սարյան է, ինքն է։ Հենց այս կենտրոնն է փորձաքննություն իրականացնում՝ արվեստի գործեր, արծաթեղեն, կահկարասի, նույնիսկ զենք ու գնահատում՝ ճշտում արժեքը: Առանց այստեղի փորձագետների եզրակացության մշակութային արժեքների արտահանում էլ հնարավոր չէ ։ Արդեն հեռացած Լիլիթ Սարգսյանն ասում է՝ արվեստի համաշխարհային շուկան հեղեղված է հայ մշակույթի կեղծված գործերով, որի արմատն, ըստ նրա, այս կենտրոնն է։ Վստահ է՝ այն պետք էր զրոյից կառուցել, ինքը չհասցրեց:
«Այնպիսի հիմնարկ է որ շատ-շատերի շահերին կարող է ծառայել և հակառակը՝ խանգարել: Ես խանգարող հանգամանք էի․․․ լճացած, կարծրացած, տասնամյակներով մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը մոնոպոլիզացրած մի քանի փորձագետների պայքարը իրենց սովորույթները, իրենց կարծրատիպերը, իրենց տեղը, իրենց գործը պահպանելու համար», - նշում է նա:
Արվեստաբան Սարգսյանն ասում է՝ տարիներով նույն փորձագետներն են, որոնց որևէ երիտասարդ չի փոխարինում։ Նույնն է ասում նախկին աշխատակիցը:
«Այդ պատկառելի տարիքի մարդկանցից որևէ մեկը, եթե որևէ պատրվակով բացակայի, այդ հիմնարկում աշխատանքը կանգ կառնի», - նշում է Տաթև Համբարձումյանը:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտում է՝ երիտասարդների ներգրավումը մեկ օրվա գործ չէ մշակութային արժեքների փորձաքննությունը գոնե 5 տարվա աշխատանքի փորձ ու հավաստագիր է պահանջում։ Էսթեր Աբրահամյանը այսօր բացառում է թե կենտրոնի փորձված փորձագետները որևէ անազնիվ փորձաքննություն կանեն, կամ գործարքի կգնան:
«Հիմա ես պատրաստվում եմ կատարել կառուցվածքային փոփոխություն և համագործակցել երիտասարդների հետ: Ինձ համար ամենակարևորը հիմա երիտասարդներ ընդգրկելն է այս գործում: Ես ինքս հասկանում եմ՝ դա հրամայական է ինձ համար», - ասում է Էսթեր Աբրահամյանը:
Նա մտադիր է փորձագետների պայմանագրերը փոխել մշտական աշխատանքայինի ու նրանց աշխատավարձը հասցնել մոտ 70 հազար դրամի։ Էսթեր Աբրահամյանի խոսքով՝ արվեստի զինվորները այդ գումարով էլ արդար կաշխատեն: