Ազգային ժողովը միաձայն ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը:

Ըստ այդմ, Մարտի 1-ին միջին և ծանր վնասվածք ստացած քաղաքացիներն աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացությունը: Օրենքը չի վերաբերում թեթև մարմնական վնասվածք ստացած անձանց:

Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Լենա Նազարյանի ներկայացրած՝ քննչական ծառայության տվյալներով, 2008-ի մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի:

Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև Մարտի 1-ին տուժած ոստիկաններին՝ բացի նրանցից, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել և չեն արդարացվել:

Աջակցության չափն ու կարգը դեռևս հայտնի չեն, այն կսահմանի Կառավարությունը: