Դատավոր Ռշտունին բավարարեց Քոչարյանի գործով միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտարարեց

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնեց:

«Հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իմ նկատմամբ, որ կայացվող դատական ակտը կարող է լինել օբյեկտիվ, և եթե պրոֆեսիոնալ իրավաբանները չունեն իրենց վստահությունը, ենթադրվում է, որ հասարակության անդամները նույնպես կարող են այդ վստահությունը չունենալ։ Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ տվյալ գործով Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ, և իմ կողմից շարունակել քննելը տվյալ բողոքը՝ կստացվեր, որ ինչ-որ մեծ ցանկություն ունեմ, մեծ մղումներ ունեմ այս բողոքը, այնուամենայնիվ, քննելու։ Իհարկե մոտեցումը այլ կլիներ, եթե դատավարության մասնակիցները վստահեին և նույնպես համարեին, որ դատարանը կարող է քրեական գործով անկողմնակալ որոշում կայացնել: Եվ երրորդ փաստարկը, որ դատարանի կողմից բարձրաձայնվեց, հաշվի առնելով, որ մեր հետ կապված, այսինքն հանգամանքներ պետք է պարզվեն համապատասխան իրավասու մարմիններում՝ արդյո՞ք մենք մասնակցություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտերի, ակտի գրելու գործընթացին՝ կա՛մ տվյալ հանգամանքը պետք է հաստատվի, կա՛մ պետք է հերքվի, ուստի էդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ այսինքն, այս բոլորը համակցության մեջ, դատարանը ընդունեց ինքնաբացարկի որոշում», - ասաց Վազգեն Ռշտունին։

Միջնորդությանը միացել էին նաև դատախազները, դեմ էին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահի պաշտպանները։

Քննիչի կարծիքով՝ Վազգեն Ռշտունին չէր կարող այս գործով անկողմնակալ լինել, քանի որ անցած տարի ամռանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է այդ որոշմանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Ինքնաբացարկի միջնորդության բավարարումից հետո, գործը կքննի մեկ այլ դատավոր, նրա անունը հայտնի կդառնա առաջիկայում։