2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է հարցերի լայն շրջանակ։ Հանձնաժողովը, մասնավորապես, կուսումնասիրի Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության հետ կապված հարցեր:
Բայց այդ, հանձնաժողովը կուսումնասիրի հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքությունն ու դեպքերին տրված իրավական գնահատականների հիմնավորվածությունն ու օրինականությունը։
Հանձնաժողովն, ի դեպ, իրավասու է նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող ակտեր, հրամաններ, ռազմական խորհրդի հաշվետվություններ, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր:
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվեց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից:
Հանձնաժողովը կղեկավարի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովում 2-ական անդամներ ունեն նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Ի դեպ, քննիչ հանձնաժողովի փոխնախագահը ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն է:
«Մամուլից ենք տեղեկացել, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով»
Մինչդեռ այսօր, ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ մամուլից են իմացել քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին՝ անընդունելի համարելով իշխանական «Իմ քայլի» այդ մոտեցումը:
«Մեզ որևէ մեկն «Իմ քայլից» չի դիմել, ավելին՝ մենք մամուլից ենք տեղեկացել, որ «Իմ քայլի» 40 քանի պատգամավորի ստորագրությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Ես սա համարում եմ ընդհանրապես ոչ աշխատանքային մթնոլորտ խորհրդարանում, իրենք կարող էին դիմել նաև «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, հատկապես որ մենք ասել ենք, որ մենք ինքներս գտնում ենք, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ը, որ ապրիլյան պատերազմի հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն, բայց էսպես սեպարատ անընդհատ փորձել Դանկոյի նման գնալ առաջ և փորձել հանրության մոտ ներկայացնել, որ միայն իրենք են մտահոգ բոլոր այս խնդիրներով, ես սա համարում եմ նոր քաղաքական ուժի մանկական հիվանդություն՝ կարմրուկի նման մի բան, որը հույս ունեմ, որ ժամանակի հետ կանցնի, իսկ եթե չանցնի, դա շատ վատ է», - ասաց Զոհրաբյանը։
«Տիկին Զոհրաբյանի նեղվածությունը տեղին չէ»
Մինչդեռ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ ամեն ինչ արվել է Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի շրջանակներում:
«Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար կա ընթացակարգ, որը սահմանվում է Կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, համաձայն որի, հանձնաժողովը, տվյալ պարագայում՝ Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը, «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնությամբ ստորագրությունների համապատասխան քանակով ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին, և եթե այն չէր հակասում նշված պահանջներին, ապա քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվում է և որի մասին հայտնում է Ազգային ժողովի նախագահը՝ լիագումար նիստերի դահլիճից, ինչը և տեղի է ունեցել։ Այնպես որ, այդ մեղադրանքը թույլ տվեք չընդունել, և կարծում եմ, որ տիկին Զոհրաբյանի նեղվածությունը տեղին չէ», - ասաց Մակունցը։
Հավելենք, որ ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա վաղը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: