The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, երեկ գրել է՝ «Ռոստեխ»-ը կրճատել է Վենեսուելայում աշխատող աշխատակիցների թիվը հազարից մինչև մի քանի տասնյակի, քանի որ համարում է, թե այդ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն պարտվել է և չի կարող դիմակայել Միացյալ Նահանգների և ընդդիմության ճնշմանը:
Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զաեմսկին, սակայն, այսօր հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, թե Մոսկվան կատարում է Վենեսուելայի նկատմամբ նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները:
The Wall Street Journal-ը գրել էր, որ նախկինում Վենեսուելայում աշխատում էր հազարից ավելի ռուսաստանցի մասնագետ: Վերջին ամիսներին, մինչդեռ, կորպորացիան ակտիվորեն կրճատում է իր աշխատակիցների թիվը այդ լատինամերիկյան երկրում: Թերթը գրում է․ - «Ռուսական կողմը իր մասնագետներին դուրս է բերում Վենեսուելայից, քանի որ Մադուրոյի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական պարտավորությունները, չկան նաև նոր գործարքներ»: «Դեռ անցած տարվանից «Ռոստեխ»-ը չի ստանում հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ գործարքով նախատեսված վճարումները», - գրում է պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրին:
Վենեսուելայի ընդդիմության՝ հեղափոխություն իրականացնելու փորձից հետո Ռուսաստանը մնացել է Մադուրոյի հիմնական դաշնակիցներից մեկը, և Մոսկվայի աջակցությունը Մադուրոյի համար չափազանց կարևոր է: Ռուս մասնագետների թվի կրճատման մասին «Ռոստեխ»-ի որոշումը հարված է Մադուրոյի համար:
Ռուսաստանի և Վենեսուելայի միջև ռազմական համագործակցությունը, հիշեցնենք, սկսել է ակտիվորեն զարգանալ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի օրոք: Կարակասը Մոսկվայի հետ կնքել էր ուղղաթիռների, կործանիչների ու տանկերի մատակարարման մասին համաձայնագիր: Ռուսաստանը նախատեսում էր սերտ համագործակցություն Վենեսուելայի հետ ռազմական ոլորտում, սակայն, թերթի պնդմամբ, այլևս չի հավատում նման համագործակցության հեռանկարներին և որոշել է անաղմուկ հեռանալ այդ երկրից:
Մարտին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Ռուսաստանը պետք է դուրս գա Վենեսուելայի տարածքից, և Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները, որոնք կստիպեն Մոսկվային դա անել: