Սա իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն է: Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև մարտի 1-ին տուժած ոստիկաններին:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է վերանայել ոստիկաններին աջակցություն տրամադրելու հարցը․ - «Մենք քննարկումից հետո մի քանի տարբեր հարթակներում տեսանք, որ ծնողները կտրականապես դեմ են, որպեսզի այս նախագծով աջակցություն ցուցաբերվի որևէ տեսակի ոստիկանների: Եվ եթե մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը տեղավորել անցումային արդարադատության համատեքստում, կարծում եմ, որ այն գլխավոր պայմանը համերաշխության պետք է հաշվի առնել»:
Առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների փուլում ոստիկանների աջակցության չափանիշները հստակեցվել են: Օրինակ, այն ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, սակայն քրեական հետապնդման ենթարկվել, աջակցություն չեն ստանա:
Սիսակ Գաբրիելյան («Իմ քայլը»)․ - «Փորձել ենք գտնել այն լավագույն տարբերակը, որը և՛ կտեղավորվի էդ անցումային արդարադատության մեջ, այսինքն՝ համերաշխություն, և ինչ-որ տեղ նաև Մարտի 1-ին զոհված քաղաքացիների ծնողների մտահոգությունները: Աջակցություն չեն ստանա այն ոստիկանները, ովքեր էդ գործողությունների ընթացքում ենթարկվել են քրեական հետապնդման»:
Աջակցություն չեն ստանա նաև այն ոստիկանները, որոնց գործողությունների վերաբերյալ քրեական գործերը քննության փուլում են: Ըստ Գաբրիելյանի, միայն արդարացվելուց հետո կարող են օգտվել դրանից․ - «Եթե այդ նույն ծնողները վստահում են այսօր իշխանություններին, իրավապահ մարմիններին, ապա մենք հենց էդ առումով նշել ենք, որ քրեական հետապնդում եթե կա, չեն ստանա աջակցություն: Եթե արդարացման հիմքով քրեական հետապնդումը կդադարեցվի, նոր ոստիկանները կստանան աջակցությունը»:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ին տուժած քաղաքացիներին, ապա միջին և ծանր վնասվածք ստացածները աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացությունը:
«Քաղաքացիները պետք է կառավարության ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը», - պարզաբանեց Գաբրիելյանը:
Օրենքը չի վերաբերում թեթև մարմնական վնասվածք ստացած անձանց:
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ նախագծի հեղինակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի ներկայացրած տվյալների համաձայն, քննչական ծառայության տվյալներով, 2008-ի մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի:
Աջակցության չափն ու կարգը դեռևս հայտնի չեն: Օրենքն ընդունելուց հետո այն կսահմանի կառավարությունը: