Այսօր Մադրիդում կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Այսօր Մադրիդում կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի ընթացքում ակումբային ֆուտբոլի եվրոպական գլխավոր տիտղոսի համար կպայքարեն անգլիական երկու թիմեր` «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»: Երկու թիմերի ֆուտբոլիստները Մադրիդ են ժամանել ուրբաթ օրը, նրանք արդեն իսկ անց են կացրել առաջին մարզումները: Իսպանիայի մայրաքաղաքում են նաև անգլիական ակումբների հազարավոր երկրպագուներ:

Մադրիդի քաղաքային իշխանությունները դիմել են անգլիացի ֆուտբոլասերներին` կոչ անելով նրանց չխախտել հասարական կարգը: - «Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու ձերբակալությունների դիմել», - նշված է իսպանական իշխանությունների տարածած հայտարարության մեջ:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդում կայացած ասուլիսի ժամանակ անկեղծորեն խոստովանում էր, որ դժվարանում է կանխատեսել այսօր երեկոյան կայանալիք խաղի ելքը:

«Ես գիտեմ, որ մարդիկ պնդում են, որ այս տարի մենք ենք հաղթանակի գլխավոր հավակնորդը քանի որ Պրեմյեր Լիգայում շատ միավորներ էինք հավաքել, ինչպես նաև երկու անգամ 2-1 հաշվով հաղթել էինք «Տոտենհեմին»: Բայց պետք չէ մոռանալ, որ սեփական հարկի տակ անցկացրած խաղում, օրինակ, մենք հաղթեցինք բավական տարօրինակ մի գոլի շնորհիվ: Մենք երկու խաղերում էլ շատ լավ մարզավիճակում էինք, սակայն կարողացանք հաղթել նվազագույն տարբերությամբ: Մենք պետք է օգտագործենք մեր առավելությունը, սակայն այդ ամենը պետք է արվի խաղի ընթացքում», - նշում էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: