«Սաստեքս» ընկերության աշխատակիցները բողոքում են. «Մեզ ստրուկի պես է վերաբերվում»

«Գործարար Քրիստիան Գելեջին ստրուկի պես է մեզ վերաբերվում», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին հարցազրույցից չհրաժարված «Սաստեքս» ընկերության հատուկենտ աշխատակիցները:

Պնդում են՝ լրատվամիջոցների հետ շփվելու համար սփյուռքահայ գործարարը շատերին սպառնացել է հեռացնել աշխատանքից:

«Վախեցրել են, դրսի դուռը ցույց են տվել՝ «6000 հոգի, 3000 հոգի հերթագրվողներ կան, եթե չի ձեռ տալիս ձեզ էս պայմանները խնդրում ենք գնացեք դուրս»։ Եթե նույնիսկ հիմա ինձ տեսնեն էլի կարող է իմ դիմումն էլ գրել տան։ Այսինքն աշխատողը իրավունքներ չունի», - ասաց աշխատողներից մեկը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Գյումրիում բացված «Սաստեքս»-ի տասնյակ աշխատակիցներ բողոքի դուրս եկան այն բանից հետո, երբ ստացան ապրիլի աշխատավարձը: Աշխատանքային կոմբինեզոններ կարող աշխատակիցները կատակում են՝ ընկերության անվանումը ոչ թե «Սաստեքս» է, այլ Նուբարաշենի կանանց գաղութ:
Ասում են՝ խնդիրը միայն ցածր աշխատավարձը չէ, աշխատանքային պայմանները ևս անմարդկային են, օդափոխության համակարգ չկա ու ոմանք նույնիսկ ուշագնաց են լինում:

«Աշխատել եմ 29 հազար դրամ, տվել եմ բժիշկներին 29 հազար դրամ։ Ասել էին, որ բուլետեն չի անցնի, դրա համար իմաստ չգտա գնալ հիվանդանոց, ասի՝ ավելի լավ է ես անմիջապես լաբորատորիա գնամ, լաբորատորիայում տամ իմ անալիզները։ Ասեցին՝ օդակաթիլայինով թունավորում է, ես էլ ճշտեցի, ասեցի՝ կարո՞ղ է սննդից է, ասեցին՝ ոչ օդակաթիլային», - ասաց մեկ այլ աշխատակից։

«Կտորից է, գոլորշիով հարթուկելու ժամանակ, ուղղակի անհնար է, մարդկանց բերանի մեջ վերքեր եղան, ալերգիաներ», - նշեց մեկ ընկերության աշխատողներից մեկը։

Այսօր «Սաստեքս»-ի աշխատակիցների հետ հանդիպեց թեթև արդյունաբերության աշխատողների արհմիությունների նախագահ Սրապիոն Առաքելյանը, ժողովին նաև մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցեցին: Աշխատակիցների մոտ տպավորություն էր, որ արհմիությունից եկել էին ոչ թե իրենց շահերը պաշտպանելու, այլ մի բան էլ մեղադրելու:

«Իհարկե, գործատիրոջ մոտ միշտ էլ բանվորը մեղավոր է», - ասացին նրանք։

Աշխատակիցները բողոքեցին նաև, որ իրենց սպառնացել են աշխատանքից ազատել:

Հանդիպմանը մասնակցած Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն ասաց՝ սպառնալիքն ինքնին քրեական տարրեր է պարունակում. «Եթե նմանատիպ սպառնալիք եղել է, կարծում եմ, դա պետք է լինի քրեական գործի հարուցման պատճառ»։

Փոխմարզպետն ընդունեց՝ «Սաստեքս»-ում աշխատավարձի հաշվարկման այնպիսի մեխանիզմ են ներդրել, որի դեպքում աշխատակիցները նվազագույն 55 հազար դրամից պակաս գումար են ստանում:

«Մեխանիզմ են ներդրել աշխատավարձի հաշվարկման, համաձան որի կարող է աշխատավարձը նվազագույն ամսական աշխատավարձից պակաս լինել, որը սահմանված է օրենքով, իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում դա անթույլատրելի է, չի կարող լինել օրենքով ստրուկ հասկացությունը», - ասաց Գրիգորյանը։

Այսօրվա ժողովի ավարտին արհմիության նախագահը հայտարարեց՝ ինքը սեփականատեր Քրիստիան Գելեջիի հետ խոսել է, վերջինս դեմ է աշխատակիցների կրճատումներին:

Քրիստիան Գելեջիի հետ զրուցել «Ազատությանը» չի հաջողվել, նրա հիմնած ընկերությունում 120 մարդ է աշխատում: «Սաստեքս»-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ անցած տարի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը: Բացմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրը Գելեջին դժգոհել էր, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել, ինքը դեռ պայքարում է բիզնես անելու համար: Դիմելով Փաշինյանին՝ ասել էր, որ հաջորդ գործարանը բացելու է Սպիտակում ու խնդրել օգնել տարածքի հարցում: