Դատարանների մուտքերը փակելու գործընթացի սահմանադրականության հարցը Հայաստանի ներքին գործն է. ԵԽ պատվիրակ

ԵԽ պատվիրակությունը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, 31-ը մայիսի, 2019 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերը փակելու գործընթացի սահմանադրականության հարցը Հայաստանի ներքին գործն է, այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Եվրախորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, ում գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպեց Ազգային ժողովի նախագահի հետ:

Ավելի վաղ պատվիրակությունը, որի կազմում են նաև ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը, հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

«Ազատությունը» Քրիստոս Ջակումոպուլոսից հետաքրքվեց՝ ինչպե՞ս են աջակցելու Հայաստանին անցումային արդարադատության և դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցում։

«Բարեփոխումների կոնկրետ ընթացակարգերը չենք քննարկել, որքան հասկացա դրանք դեռևս քննարկման փուլում են, բայց մենք կուզենայինք վստահ լինել, որ Հայաստանի Սահմանադրությունը և Հայաստանի միջազգային պարտավորությունները կհարգվեն այս գործընթացի ժամանակ», - պատասխանեց Ջակումոպուլոսը։

Հարցին էլ՝ Հայաստանի դտարանների մուտքերն արգելափակելը սահմանադրականության շրջանակներո՞ւմ է, պատասխանեց. «Դրա գնահատականը ես չէ, որ պետք է տամ, դա ներքին խնդիր է»։

Պատվիրակության անդամները երեկ հանդիպել էին նաև գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի հետ: Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումներին առնչվող հարցեր:

«Ազատության» հետ զրույցում արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը մանրամասնեց, որ երկու ծրագրերի շուրջ պայմանավորվածություն արդեն իսկ կա:

«Բարեփոխումների ընթացքում Հայաստանի կառավարությանն աջակցող ծրագրերն են, երկուսն էլ նոր են մեկնարկել։ Մեկը նվիրված է դատական իշխանության պրոֆեսիոնալիզմի, հաշվետվողականության բարձրացման հարցերին։ Ենթադրվում է, որ ցանկացած փաստաթուղթ, որը կմշակվի և կներկայացվի կառավարության կամ Ազգային ժողովի քննարկմանը, այ էս խողովակներով Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջոցով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին, որպեսզի համապատասխան փորձաքննության անցնի», - նշեց Վարդապետյանը։