Ամստերդամում կողոպտիչներին վնասազերծելիս դանակահարվել է հայ ծանրամարտիկ Մել Դալուզյանը

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը Ամստերդամում երեկ վնասազերծել է սուպերմարկետի կողոպտիչներին, որոնք Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել սուպերմարկետի դրամարկղը ու սպառնացել են աշխատակցին։ Այս մասին տեղեկանում ենք 2016 թվականից Ամստերդամում բնակվող Մել Դալուզյանի ֆեսյբուքյան էջից և նրա ընկերների գրառումներից։

«Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցածը, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել», - գրել է նրա ընկերներից մեկը։

Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ «ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։ Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»։

Ավելի ուշ Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը տեղեկացրել է, որ միջնորդավորված կապ են հաստատել Մել Դալուզյանի հետ։ - «Նրան առաջարկվել է դեսպանության, ինչպես նաև հյուպատոսական ծառայության աջակցությունը, սակայն քաղաքացին հայտնել է, որ որևէ տեսակի օժանդակության կարիք չունի»։

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման այցելել է Մել Դալուզյանին՝ երախտագիտություն հայտնելու նրան։ - «Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Երախտապարտ եմ, որ կարողացել եք զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնել։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- ասել է քաղաքապետը։

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, ծագումով Գյումրիից Մելը Հայաստանի դրոշի ներքո աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցել է Մելինե Դալուզյան անվամբ, նա Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։

Հայաստանում նկարահանված ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում Դալուզյանը պատմել է, որ Հայաստանում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել իր սեռական կողմնորոշման պատճառով։