Արայիկ Հարությունյանը հաստատում է՝ ճանաչում է և կապեր ունի Բաբայանի համակիրների գործով ձերբակալված անձանց հետ

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների վրա կրակահերթ արձակելու գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ՝ Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը։

Քրեական գործը հարուցվել է «ապօրինի զենքի» և «խուլիգանության» հոդվածներով։

Ոստիկանության փոխանցմամբ, զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք։

Թեև ոստիկանությունը նշում է, որ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է, սակայն Ղարաբաղում 2020-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ հայտարարություն տարածեց՝ միջադեպի համար մեղավոր համարելով Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին:

Բաբայանի գրասենյակը նշել էր․ - «Այդ բանդաներն իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին»։

Մինչդեռ այսօր «Ազատության» հետ զրույցում Հարությունյանը վերհաստատեց իրավապահ մարմինների գնահատականը՝ պնդելով, թե միջադեպը որևէ քաղաքական դրդապատճառ չունի:

Ի դեպ, Հարությունյանը հաստատեց, որ ձերբակալված երկու անձանց էլ ճանաչում է, նրանց հետ կապեր ունի, Ալեքսեյ Բալայանը Ղարաբաղի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Վլադիմիր Բալայանի որդին է, իսկ Ռոլանդն իր կուսակցության համակիրներից է, իր վարչապետության ժամանակ զբաղեցրել է Քարվաճառի քաղաքապետի պաշտոնը։

«Ինչքան տեղեկացա այսօր, Ալեքսեյ Բալայանը Մարտակերտի մեկ այլ երիտասարդի հետ, նախկինից եկած ինչ-որ կենցաղային վեճ, նշեցի՝ տաքարյուն երիտասարդներ են, որի արդյունքը եղել է դա։ Չգիտեմ, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել, որը բերել է դրան», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետը։

Հարությունյանի համոզմամբ, այդ միջադեպը որևէ կապ չունի Սամվել Բաբայանի հետ։

Դիտարկմանը, թե, ըստ Բաբայանի գրասենյակի, թիրախը հենց Բաբայանի համակիրներ են եղել, Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետն այսպես արձագանքեց. - «Եկեք մենք հարգենք ուժային կառույցների տված տեղեկությունը և առաջնորդվենք դրանով։ Ես համոզված եմ՝ որևէ քաղաքական դրդապատճառ չի եղել: Այդ տղաները որևէ խնդիր չեն ունեցել Սամվել Բաբայան անձի հետ ընդհանուր առմամբ»:

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից և Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից բացի, 2020-ի գարնանը կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին խոսել է նաև Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Վերջինս, ի դեպ, այսօր հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին:

Հաշվի առնելով բոլոր այս դերակատարներին, նրանց անցած ճանապարհն ու հնարավորությունները՝ Արայիկ Հարությունյանը, այդուհանդերձ, բարձր է գնահատում իր հնարավորությունները: Ասաց, թե ունի լայն աջակցություն և մեծ քաղաքական թիմ ՝ 6 հազար անդամից բաղկացած կուսակցություն:

Ապագա հնարավոր մրցակիցներ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի մասին Հարությունյանն ասաց․ - «Նրանց կենսագրությունները որ նայենք՝ Ազգային հերոս, Ազգային հերոս, հրամանատար, հրամանատար, քաղաքական գործիչ․․․ Իհարկե բոլորն են լուրջ են, բայց էլի անձինք կան, որոնք հավանական է, որ առաջադրվելու են»:

Հարցին՝ իր կարծիքով կհաջողվի՞ Սամվել Բաբայանին լուծել գրանցման հետ կապված խնդիրները և առաջադրվել նախագահի թեկնածու, Հարությունյանն արձագանքեց․ - «Նա ստորագրահավաք է այսօր սկսել, հայտարարել է, որ իբր Հայաստանի Հանրապետություն քաղաքացիները բոլորը իրավունք ունեն առաջադրվելու և այլն: Ինչքան հասկացա, կոնկրետ սահմանադրական փոփոխության առաջարկություն է մտցնելու: Իհարկե, ես դա չեմ ընդունում, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները իրավունք ունեն մասնակցեն: Այդ նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել Ղարաբաղի քաղաքացիները կարող են կամ իրավունք ունեն մասնակցելու [հայաստանյան ընտրություններին]: Պետք է մի քիչ ավելի շատ ուսումնասիրել»

Անդրադառնալով Բաբայանի ընտրվելու շանսերին՝ Ղարաբաղի նախկին վարչապետն ասաց․ - «Այն, որ հանդիպումներում տեսնում եմ, որ համախոհներ ունի, կա աջակցություն: Չեմ կարող ասել ինչ քանակությամբ, բայց այն, որ ունեցել է մարդաշատ հանդիպումներ, դա նշանակում է, որ ունի աջակցություն»:

Արայիկ Հարությունյանը հաճախ է աջակցություն հայտնում Հայաստանի հեղափոխական իշխանությունը: Հարցին, թե արդյոք դա անում է նրանց սիրաշահելու և ընտրություններից առաջ աջակցություն ստանալու համար, թե իսկապես կիսում է նոր իշխանության մոտեցումները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, թե Արցախի իշխանությունը պետք է համագործակցի Հայաստանի իշխանությունների հետ: Բայց ինքը դա չի անում նրանց սիրաշահելու համար, այլ իսկապես տեսնում է, որ այն տնտեսական քայլերն ու բարեփոխումները որոնք իրականցնում է Փաշինյանը, հաջողության հասնելու հիմքեր են ստեղծում:

Հարցին, թե կփորձի արդյոք ընտրություններից առաջ ստանալ Հայաստանի իշխանությունների աջակցությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ - «Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ինձ պետք է ժողովրդի աջակցությունը: Ինչպե՞ս եք Դուք տեսնում՝ լինել նախագահ, ունենալ Հայաստանի իշխանությունների վստահությունը, բայց չունենալ Ղարաբաղի ժողովրդի համապատասխան աջակցությունը»:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց այն հայտարարությանը, թե որոշ դավադիր ուժեր փորձում են պատերազմ հրահրել և հողեր հանձնել, Արցախի նախկին վարչապետը, նախկին պետնախարարն ասաց, որ եթե Փաշինյանը նման հայտարարություն է արել, ուրմեն հիմքեր ունի:

Ապա շեշտեց․ - «Կոնկրետ ես չեմ կարող ասել ովքեր են, ինչեր են, բայց որ կան խմբեր, որոնք շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության հաջողությամբ, ես դա տեսնում եմ: Ես տեղեկություններ չունեմ, բայց ես կարող եմ միանշանակ հայտարարել, որ եթե այդ ուժերը լինեն Ղարաբաղում, հենց արժանանալու են առաջին հերթին ղարաբաղցիների հակադրմանը»:

Նա համաձայնեց, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելու հիմքեր ուներ․ - «Ես չեմ համարում, որ Հայաստանի վարչապետը առանց հիմքերի ինչ-որ հայտարարություն է արել: Մանավանդ, որ տեղեկացված է կարևոր աղբյուրներից»:

Հարությունյանը բացառեց, որ այդ ուժերը փոխկապակցված լինեն Ղարաբաղի գործող իշխանության հետ․ - «Տեղյակ եմ, որ հակառակը՝ Բակո Սահակյանի այսօրվա իշխանությունը աջակցում է Հայաստանի գործող իշխանությանը և նպաստում է Հայաստանի Հանրապետության իշխանության հաջողության առումով»: