ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգերն ասել է, որ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 (C-400) տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքի իրականացումը «աղետալի ազդեցություն կունենա F-35 մարտական օդանավերի համատեղ արտադրության և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի մնացած անդամների հարաբերությունների համար»:
Այդ մասին Ուիլբարգերն ասել է Վաշինգտոնում տեղակայված վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի նիստում:
«Եկեք հստակ արձանագրենք, S-400-ը ստեղծվել է F-35 տեսակի օդանավեր ոչնչացնելու համար, պարզապես անհնարին է ենթադրել, որ ռուսները չեն փորձի օգուտ կորզել այդ ընձեռված առիթից», - ասել է Ուիլբարգերը:
Թուրքիան ոչ միայն ցանկանում է գնել 100 միավոր F-35 տեսակի օդանավեր, այլև ամերիկացիների հետ համատեղ արտադրել դրանք սեփական տարածքում:
Պենտագոնը նկատել է տալիս, որ ռուսական հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու գործարքի իրականացումը կկասեցնի F-35 օդանավերի վերաբերյալ թուրքերի ծրագրերը:
Մինչդեռ, Անկարան պնդում է, որ ռուսական համալիրները գնելու մտադրությունը որևէ պարագայում չի վերանայի:
«Դա այլևս կայացած գործարք է, դրանից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող», - մի քանի առիթներով հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: