Վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի կառավարության քայլերը, այսօր Երևանում ասել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ։

Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը Երևան տեղի է ունենում Հայաստանում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ մայիսի 22-ին Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանում դատաիրավական բարեխումներին աջակցություն տրամադրելու նպատակով։

ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստան են ժամանել` քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները:

Քրիստոս Ջակումոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ` բարեփոխումների գործընթացում` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը:

Ընդգծելով Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստը, վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես ԵԽ անդամ պետություն Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

«Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով, ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»,- ասել է Փաշինյանը` ավելացնելով, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:

Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։

ԵԽ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝ ԳՐԵԿՈ -ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:

Այս հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի Հայաստանում: