Հայաստանի ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները, կան ձերբակալվածներ, այսօր հաղորդում է Ոստիկանությունը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Երեկ Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն:
Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` «ապօրինի զենք», և 258 հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ», հարուցվել է քրեական գործ: «Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավապահ այլ կառույցների աշխատակիցների հետ, օպերատիվ կերպով ձեռնարկել և ձեռնարկում են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատասխան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք», - ասված է հաղորդագրությունում:
Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է: Կատարվում է նախաքննություն», - փոխանցում է Ոստիկանությունը:
Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:
Երեկ Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Ոստիկանությունը շեշտել էր, որ նախքան Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ոստիկանությունն արդեն օպերատիվ տվյալներ ուներ, և պետի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։