«Դատական իշխանության փոփոխությունն ուշացած է, բայց ուշ չէ». Վեթինգ․ «Ըստ էության»

Դատական իշխանության փոփոխությունն ուշացած է, բայց ուշ չէ, «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով՝ այն պետք է իրականացվեր հեղափոխությանը զուգահեռ, կամ գործադիր և օրենսդիր իշխանության ձևավորումից անմիջապես հետո։

«Մեզ մոտ եղել է պետության զավթում նախորդ իշխանության ժամանակ, ինչո՞ւ՝ որովհետև զավթված է եղել ոչ միայն գործադիր և օրենսդիր իշխանությունը, միակուսակցական համակարգի մասին է խոսքը, այլ նաև դատական իշխանությունը։ Առավել քան կարող եմ բազմաթիվ փաստեր բերել դատական իշխանության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ որոշումների կայացման մասին։ Դատական իշխանության փոփոխությունը տրամաբանորեն պետք է լիներ կա՛մ զուգահեռ, կա՛մ պետք է անպայման հաջորդեր օրենսդիր իշխանության՝ դեկտեմբերի 9-ից, և գործադիր իշխանության ձևավորումից հետո։ Այսինքն՝ դա կարող էր դրվել հենց փետրվարին, մարտին, ապրիլին, այս առումով՝ ինքն ուշացած է, բայց ուշ չէ։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կյանքի վրա է զգացել, թե ինչ է նշանակում այդ դատական իշխանության կողմից քաղաքական որոշման, կամ կանխորոշման հիման վրա որոշում կայացնելը։ Պե՞տք է լրացուցիչ նրան համոզել, թե արդյո՞ք պետք է դատական իշխանությունը փոխել, թե՞՝ ոչ, իհարկե ո՛չ», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպան, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի համոզմամբ, նախ պետք է հասկանալ, թե ինչ պայմաններում առաջ քաշվեց վեթինգի գաղափարը․ այն, ըստ Արցախի նախկին օմբուդսմենի, առաջ է քաշվել բացառապես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իշխանությանը ոչ հաճո դատական ակտ կայացնելուց հետո։

«Պետք է հասկանալ, առաջին՝ այդ գաղափարներն ի՞նչ հանգամանքներում առաջ քաշվեցին, դա շատ կարևոր է՝ քաղաքական իշխանության մոտիվացիան հասկանալու համար։ Իմ պատկերացմամբ, դրանք առաջ քաշվեցին բացառապես կոնկրետ քրեական գործով իշխանությանը ոչ հաճո դատական ակտ կայացնելուց հետո՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, և երկրորդը՝ պետք է հասկանալ, թե արդյո՞ք մենք ունենք իրական պատկերացում դատական համակարգում եղած պրոբլեմների մասին», - ասաց Մելիքյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հակադարձեց, թե վարչապետի որոշումն ամենևին կապ չունի Քոչարյանի գործի հետ։

«Միանշանակ համաձայն չեմ հնչած տեսակետի հետ, ամենևին կապ չունի կոնկրետ դատական գործի հետ։ Այն, որ հանրությունը չունի վստահություն դատական համակարգի, դատական իշխանության նկատմամբ, ո՛չ այսօր է եղել հանրությանը հայտնի, ո՛չ երեկ խոսվեց այդ մասին։ Դուք շատ լավ գիտեք, որ դեռևս 2013 թվականին ձեր հայաստանյան գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց արտահերթ զեկույցը՝ դատավորների, դատական համակարգի վերաբերյալ, և եթե այն ժամանակվա իշխանություններն ականջալուր լինեին օմբուդսմենի զեկույցին, ոչ թե դրանից հետո օմբուդսմենին հետապնդեին իր արտահայտած կարծիքի և տված զեկույցի համար, մենք այսօր չէինք ունենա այդ վիրահատական միջամտությունները, կամ զտում որպես բացասական կոնտեքստով ասվածը, և նաև կապելով մեղադրյալ Քոչարյանի գործի հետ, այդ գործով, ըստ էության, Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս եղել է դեպք, որ խափանման միջոցը՝ կալանքը փոխել է, և եթե մենք անմիջականորեն կապում ենք հենց Քոչարյանի գործի հետ, ապա կկապեինք ամիսներ առաջ», - ասաց Տիգրանյանը։

Հանրապետական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց՝ կարևոր է, թե ինչ միջոցներով և մեթոդներով պետք է իրականացնեն վեթինգը, արդյո՞ք այստեղ «մերոնք-ձերոնք չեն անելու»։

«Քանի որ կան 200-ից ավել դատավորներ, կլինեն և՛ լավերը, և՛ վատերը, այստեղ պետք է այդ վեթինգ կոչվածը, երբ որ հանրության քննարկման թեմա մտցվեց, ինքը նշանակում է զտում՝ պարզ զտում, ի՞նչ միջոցներով և մեթոդներով պետք է իրականացնեն, արդյո՞ք այստեղ մերոնք-ձերոնք չեն անելու, արդյո՞ք էստեղ դատական ակտերը, որոնք կայացվել են այս կամ այն իշխանավորի հանդեպ, կամ ընդդիմադիր գործիչների հանդեպ, դրանք նշանակություն չեն ունենալու», - ասաց Սահակյանը։

Մայիսի 20-ին Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում:

Վարչապետը հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

«Հայաստանում գործող բոլոր դատավորներն՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի», - մասնավորապես ասաց Փաշինյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․