Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, «Ազատության»-ը տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ, վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:
Երեկ Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Ոստիկանությունը շեշտել էր, որ նախքան Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ոստիկանությունն արդեն օպերատիվ տվյալներ ուներ, և պետի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։
Տե՛ս նաև այստեղ