ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց, համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար: Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Գևորգյանն ու ընդգծեց՝ չկա այդպիսի բան: Պնդեց՝ նախկին ռեկտորը սխալվել է, բայց ինքը այժմ համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ղեկավարող Սիմոնյանին աշխատանքից չի ազատի:

«Ես տարիներ շարունակ աշխատել, ծառայել եմ կրթության ու գիտությանը և բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, որ պարբերաբար ցուցադրվում է սայթերով, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: Եվ ինձ համար առավել ցավալի է, որ այդ մասին դատողություններ են անում մարդիկ, որոնք էդ ժամանակ երկու դռան հետևում փակված դողացնում էին՝ չգիտեին ինչ անեն», - նշեց նա:

Ի դեպ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հեղափոխության օրերի տեսանյութերից մեկը, երբ Փաշինյան ու Արարատ Միրզոյանն իրենց աջակիցների հետ մտել էին ԵՊՀ, ու գրել՝ «այս հայտնի տեսանյութի սպիտակ մազերով մարդուն մեր իշխանությունները ցանկանում են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ ընտրել տան, որը կարծում եմ այնքան էլ չի համապատասխանում հեղափոխության արժեքների հետ.... և եթե ԵՊՀ ղեկավար մարմինը վատն էր, ապա այս մարդը ղեկավար մարմնի անդամ էր, ռեկտորի տեղակալն է եղել ու հիմա դարձել է լավը․․․»:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանն ասաց՝ այդ օրերին իր աշխատանքն է կատարել:

Խորհրդի կազմում ուսանողության կողմից ընտրված ներկայացուցիչները, անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանն ու այլոք քվեարկեցին մյուս թեկնածուի՝ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի օգտին, ասացին՝ նա 15 տարվա փորձ ունի, դոկտոր-պրոֆեսոր է, քաղաքական դատավարության ամբիոնի վարիչ, մեծին հարգել գիտի: - «Սա այն երիտասարդը չէ, որը կարող է հրել մեծահասակներին կամ, ներողություն, պաշտոն զբաղեցնել: Մենք բոլորս հավատացյալներ ենք և Աստծո տակ ենք քայլում: Վարժապետը, մեր հավատքի մեջ, հավասարվում է ծնողին: Եթե վաղը իմ որդին ինձ կամ հրի, կամ ասի՝ դուրս արի այստեղից, ես եմ այստեղ ապրելու, ես կհամարեմ, որ 40 տարի ես ոչինչ չեմ արել», - ասաց Ապրեսյանը:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն էլ, որն այսօր Արամ Սիմոնյանի լիազորությունները պաշտոնապես դադարեցնելուն ձեռնպահ քվեարկեց, ասաց՝ ճիշտ կլինի, որ քվեարկությունը փակ լինի: Քվեարկությունն այդուհանդերձ բաց ընթացավ:

Մինչ այդ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ելույթ ունեցավ, ասաց՝ ամեն ինչում Արամ Սիմոնյա՞նն էր մեղավոր, հավելեց՝ այսօր քաղաքական որոշում է լինելու, ոչ թե ազատ կամքն է հաղթելու:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը հորդորեց ելույթների փոխարեն լսել թեկնածուներին:

Իսկ խորհրդի անդամ, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն առաջարկեց առհասարակ սահմանափակել ելույթները, ընդգծեց՝ ներկաների տրամադրությունները չեն փոխվի, եթե նույնիսկ պատմի, որ Գեղամ Գևորգյանին 93 թվականից է ճանաչում:

«Տպավորություն է ստեղծվում, որ Գեղամ Գևորգյանը դրսից է եկել, համալսարանական չէ: Այդ տրամադրությունը ինձ զարմացնում է: Չեք կարծում, որ Գեղամ Գևորգյանը ավանդական հայ ընտանիքի զավակ չէ և մեծին չի հարգում, օրինակ, բայց ես դա նշելի հատկանիշ չեմ համարում: Գիտեմ մարդուն, գիտեմ տվյալները: Պարոն Հովհաննիսյանին չգիտեմ՝ իմացա, իր օգտին խոսողները ինձ չկողմնորոշեցին, ուստի նա հնարավորություն ունի դեռ՝ ռեկտորի մրցույթին կմասնակցեն», - հավելեց Գյուրջինյանը:

Համալսարանում արմատական բարեփոխումներ պահանջող ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանն ասաց՝ սա ոչ լուրջ քայլ առաջ էր, ոչ էլ հետընթաց:

«Քայլ առաջ չեմ համարում, որովհետև եթե հիշում եմ անցած տարի ուսանողությունը ինչ էր ուզում, ինչ պահանջներ էր դրել, այսինքն՝ համալսարանի ընդհանուր բովանդակային փոփոխություն: Այս պահին այս որոշումը այդքան էլ չի արտահայտում ու այդ հեղափոխական տրամաբանության մեջ չի: Սակայն ունեցածը եթե ֆիքսենք, ինքը միջանկյալ ինչ֊որ որոշում էր», - մեկնաբանեց Միսկարյանը: