ԱԺ ընդդիմությունը սպասում է վեթինգի նախագծին՝ նախքան առաջարկներ ներկայացնելը

Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն ակնկալում է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները գրավոր առաջարկներ կներկայացնեն իրենց նախաձեռնած անցումային արդարադատության, դատական համակարգը զտելու՝ վեթինգի օրենսդրական նախագծի վերաբերյալ:

Մինչդեռ խմբակցություններից դժգոհում են՝ եթե նախագծի բովանդակությանը ծանոթ չեն, ի՞նչ առաջարկ ներկայացնեն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է՝ ընդամենը երեկ է Ազգային ժողովի դահլիճում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունից տեղեկացել, որ նման նախագիծ է պատրաստվում:

«Դուք ինքներդ գիտեք, որ վեթինգը բավականին մեծ, բազմածավալ, բազմաշերտ երևույթ է և եթե միայն այսպես տեսական, ձևական մակարդակով ներկայացնենք, կարող ենք հատորներով ներկայացնել առաջարկություններ: Մինչդեռ, որպեսզի ավելի կառուցողական լինենք, քաղաքական իշխանությունը պետք է ներկայացներ մեզ իր տեսակետը, իր գործիքակազմը, կոնկրետ փաթեթը և դրա շուրջ մենք կարողանայինք մեր տեսակետը առաջ քաշել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Լիլիթ Մակունցը հիշեցնում է՝ անցումային արդարադատության ծրագրի մասին դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ են խոսել, որից հետո ուսումնասիրություններ սկսել, բայց, մասնավորապես, վեթինգի մասով նախագծի աշխատանքները սկսել են Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը բարեփոխելու վերջին հայտարարությունից հետո․ - «Մինչ այդ այդ ազդակները չենք ստացել, քանի որ առանձին հարցազրույցներում, մամուլում արծարծվում է և կարծես հետաքրքրություն կա, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից թեմայի նկատմամբ, մենք գտնում ենք, որ պետք է նաև համատեղել մոտեցումները, տեսնել, թե ինչ մոտեցումներ իրենք ունեն կամ ինչ անհանգստություններ իրենք ունեն, որոնք պետք է հաշվի առնել»:

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ չնայած դատական համակարգի բարեփոխման այս նախագիծը իշխանության նախաձեռնությունն է, բայց արդարադատության նկատմամբ վստահություն ապահովելու համար պետք է հասարակական ու քաղաքական լայն շերտեր ընդգրկվեն այս նախագծի աշխատանքներում և առաջարկների վերաբերյալ իշխանության հորդորները չպետք է ձևական բնույթ կրեն: - «Եթե մենք միայն իշխանությանն ենք տալիս այս խնդիրը լուծելու գործիքը, դա նշանակում է, որ քաղաքական կարող է լինել ամբողջ պրոցեսը և հետագայում ընդդիմախոսներն էլ արդեն՝ և՛ մենք, և՛ մեր գործընկերները, կընդգծեն, որ սա միաբևեռ քաղաքական որոշումների արդյունք է և պարզապես ձևավորում ենք այնպիսի դատական համակարգ, որը ձեռք է տալիս, օրինակ, քաղաքական իշխանությանը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ է արդարադատության համակարգի զտման այս նախագծի մասին առաջին անգամ երեկ տեղեկացել: Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասում է՝ անիմաստ է խոսել առաջարկների մասին, քանի դեռ ծանոթ չեն նախագծին: Մինչ այս պահը իշխանական խմբակցությունից որևէ փաստաթուղթ իրենց չի փոխանցվել:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունեության ձեռագիրը և գործելաոճը: Այս պարագայում մենք ամփոփում ենք, մի հայտարարություն, որի բովանդակային մասի հետ կապված, ըստ էության, քաղաքական դաշտի որևիցե այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ ծանոթ չեն և քանի դեռ ավելի հստակ չկա փաստաթուղթ, որպես այդպիսին, ինչի մասին է խոսքը գնում, ինչ գործառույթների, ինչ խնդիր, ինչ նպատակ է իր առջև դնում այս գործընթացը, դրա մասին խոսելը պարզապես անիմաստ եմ համարում», - մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ֊ական պատգամավորը:

Վահե Էնֆիաջյանն հարցին այլ մոտեցում էր ակնկալում․ - «Խմբակցությունների փոխհարաբերությունները Ազգային ժողովի ամբիոնից կամ լրագրողների միջոցով հայտարարություններ անելու ձևով չի իրականացվում և նման գործընթացը չափազանց կարևոր է և եթե ասվում է՝ ամիսներ շարունակ նախապատրաստվել են և աշխատանքներ են իրականացվել, թող պաշտոնապես դիմեն խմբակցություններին, որպեսզի խմբակցություններն էլ համապատասխան քննարկումները իրականացնեն»:

Անցումային արդարադատության, դատավորներին վեթինգի ենթարկելու այս նախագծի նախնական տարբերակը, Ըստ Լիլիթ Մակունցի, պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում, որից հետո այն կդրվի հանրային քննարկման:

«Ես այս պահին նպատակահարմար չեմ գտնում բովանդակային մանրամասներ հրապարակելը», - ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: