13-ամյա հղիի ընտանիքը ուշադրության կարիք ունի

Հայաստանի գյուղերից մեկում 13-ամյա երեխայի հղիության լուրը տաածվեց մոտ երկու շաբաթ առաջ: Դրան հետևեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ ահազանգերը՝ երեխայի պատվի ու արժանապատվության, գաղտնիության իրավունքը պիտի պաշտպանվի։

Թեման սոցցանցերում լռեց: Լռություն է նաև 13-ամյա դստեր հղիությունից անակնկալի եկած ընտանիքում: Նրանց հանդեպ ուշադիր է միայն հարևաններից մեկը: Պետական աջակցություն իրականացնող մարմնի որևէ ներկայացուցիչ նրանց չի այցելել:

Այս ընտանիքի դուռը բացել է հասարակական կազմակերպություններից մեկի՝ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթիկ Աղաբեկյանը: Նա դեռահաս հղիին բժշկի է տարել:

«Ինքը իհարկե փոքր ա, օրգանիզմը փոքր ա, որոշակի խնդիրներ ունի, որի հարցերը փորձում ենք լուծել», - «Ազատությանն» ասաց Աղաբեկյանը:

Հիվանդանոցում աղջնակին վիտամիններ են նշանակել, Տաթևիկը դրանք գնել է: Հիմա փորձում են ծննդաբերության հարցերը կազմակերպել, նաև փաստաբանի խնդիրն են լուծել:

Տաթևիկ Աղաբեկյանն ընդգծում է, որ սեռական բռնությունից տուժածների համար օգնության որևէ գործող մեխանիզմ չկա․ - «Իրականում պետք ա պետությունը ամեն ինչը կարգավորեր՝ երեխային ծառայությունների տրամադրումը թե՛ բժշկական, թե՛ սոցիալական: Շատ մեծ բաց ունենք հետագայի համար»:

Հայաստանն ունի սոցիալական աջակցության մասին օրենսդրություն, որում մանրամասն շարադրված է, թե կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքը ինչ օգնություն պիտի ստանա․ նկարագրված են բոլոր հնարավոր իրավիճակները՝ աղքատությունից, հաշմանդամությունից մինչև բռնություն:

Այս կոնկրետ ընտանիքը աղքատության նպաստ է ստանում, հղիացած դեռահասը հաշմանդամության կարգ ունի, տան ավագ երեխան՝ էլի հաշմանդամությամբ, հատուկ հաստատությունում է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը վստահ է, որ գերատեսչությունն այս ընտանիքի դեպքում որևէ անելիք չունի․ - «Նախարարությունը բացառապես մշակում է սոցիալական աջակցության քաղաքականությունը, իրականացնողը համայնքային ծառայությունն է»:

Նախարարության ներկայացուցիչը նկատի ունի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, որոնք գործում են համայնքային ենթակայությամբ: Այստեղ են սոցիալական աշխատողները, դեպք վարողները, որոնք պետք է կարիք ունեցող ընտանիքի կողքին լինեն: Գործակալության աշխատակիցն ասաց, թե պլանավորել են այցելել այդ ընտանիքին:

Ավելի ուշ տեղեկացանք, որ սոցաջակցության աշխատակիցն ընտանիքին այցելել է: Շոշափելի արդյունքն այն է, որ դիմել են համայնքապետին, որպեսզի նա ավագանու նիստ հրավիրի, որպեսզի ընտանիքը ստանա 15 հազար դրամ:

Նույն պատկերն է մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում, որի ղեկավարն ասաց, թե ընտանիքը հսկողության տակ է, ճիշտ է՝ հեռակա-հեռախոսային հսկողություն է․ - «Ուրիշ աջակցություն չեմ պատկերացնում: Երևի մի քիչ էլ իրանց հանգիստ թողնելն ա ճիշտը»:

Իսկ ընտանիքում շատ անհանգիստ են: Մայրը հաճախ երեխային ավտոբուսով է բժկի տանում՝ անհարմար հայացքների ներքո: Եթե տաքսիով է տանում, ապա՝ պարտքով, ուտելիքը՝ նույնպես:

Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը վստահ էր, թե այս արտառոց դեպքի հետ կապված գերատեսչական մոբիլիզացիա կլիներ ու բոլորը կհամախմբվեին դեռահաս հղիի շուրջը, բայց այդպես չեղավ․ - «Ինչպե՞ս պաշտպանել, ինչպե՞ս օգնել այս երեխային: Եթե ծնողը մեզ հետ համագործակցում է՝ ծնողի միջոցով: Եթե ոչ՝ առանձնացնելով այդ երեխային: Հիմա դա տեղի չի ունեցել, որը, ենթադրում եմ, մեծ բացթողում է»:

Անտոնյանի խոսքով, պատասխանատուները մի քանիսն են՝ սոցաշխատող, երեխաների պաշտպանության բաժին, խնամակալության հանձնաժողով, և դա է պատճառը, որ ոչ ոք ոչինչ չի արել․ - «Կոլեկտիվ պատասխանատվություն նշանակում է ոչ մեկը պատասխանատու չի»:

«Տարրալուծված այս գործառույթների պայմաններում նախարարությունը պետք է արտակարգ իրավիճակում համախմբող դառնար», - վստահ է Անտոնյանը: - «Ես համաձայն չեմ, որ իրանք անելիք չունեն: Առնվազը գոյություն ունեցող ռեսուրսները մոբիլիզացնելու գործառույթ հաստատ կարող էր իրականացնել: Մնացածի հետ համաձայն եմ, որ գուցե չի կարող խորհրդատվություն տալ 13 տարեկան, մտավոր խնդիրներ ունեցող երեխային, էդպիսի պրոբլեմների համար պատրաստված չի: Բայց կանչել համապատասխան կառույցներին, մոբիլիզացնել, պլան մշակել և այլն, և այլն հաստատ կարող էր անել»:

Ընտանիքիում անորոշությունը օրեցօր խորանում է . երեխան 3 ամսից ծննդաբերելու է, դեռատի հղին ուզում է տղային պահել:

Իսկ թե ինչպես է անչափահաս, հաշմանդամություն ունեցող երեխան հղիացել՝ ոստիկանությունում դեռ նյութերի ուսումնասիրության փուլն է: Գործ չի հարուցվել, դատաբժշկական փորձաքննությունները դեռ չեն ավարտվել: