Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գևորգյանին ամիսներ առաջ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը ազատել էր աշխատանքից։
Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սիմոնյանն իրեն աշխատանքից հեռացրել էր «իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար»` պնդելով, թե նման բան չի եղել։
Չբացառելով, որ բուհի գործերին լինեն քաղաքական միջամտություններ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միևնույն ժամանակ նշեց, թե ինքը դա թույլ չի տա․ - «Քաղաքական ճնշումներ չեն լինելու»։
Առաջադրվել էր նաև ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն նա չընտրվեց։
Մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնից։