«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում (ԲԷՑ) ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ ուսումնասիրվել են Հայաստանի իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։
Դատախազությունը նշում է, որ մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
«Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված՝ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի նյութական և ֆինանսական միջոցները, իսկ ՓԲԸ ծառայողների կողմից գնումների կազմակերպման և անցկացման գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերելու արդյունքում պայմանագրային աշխատանքների կատարման գործընթացում կատարվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն», - ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, ըստ դատախազության, ՓԲԸ-ի տարբեր հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմ անձինք՝ ովքեր տևական ժամանակ տնօրենի գիտությամբ և թողտվությամբ չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն դրա դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի աշխատավարձ: Այս մեխանիզմով ևս վատնման եղանակով «ԲԷՑ» ՓԲԸ-ից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Վերոնշյալ կոռուպցիոն կազմակերպված սխեմաներով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019թթ. ընթացքում Հայաստանի դատախազության, իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ: Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու (Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), կեղծիքների (Քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (Քրեական օրենսգրքի 214-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (Քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) հատկանիշներով:
«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված քրեական գործերով նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է մոտ 1 մլրդ 109 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 մլն-ը: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու, պատասխանատու անձանց պարզելու և գործադրված կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջության մեջ լիարժեք բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։