«Չելսի»-ն՝ Եվրոպայի լիգայի հաղթող

Ֆուտբոլասերները Բաքվի Օլիմպիական մարզադաշտում հետևում են «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, 29-ը մայիսի, 2019թ.

Լոնդոնի «Չելսի» ակումբը նվաճեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը՝ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Բաքվի Օլիմպիական մարզադաշտում 4:1 հաշվով առավելության հասնելով անգլիական և լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Արսենալ»-ի նկատմամբ:

«Չելսի»-ից գոլերի հեղինակներ դարձան Օլիվիե Ժիրուն՝ 49-րդ, Պեդրո Ռոդրիգեսը՝ 60-րդ, Էդեն Ազարը՝ 65-րդ և 72-րդ րոպեներին, «Արսենալ»-ից՝ Ալեքս Իվոբին՝ 69-րդ րոպեին:

Ադրբեջանի մայրաքաղաք չէր մեկնել և խաղին չէր մասնակցում «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ անվտանգության նկատառումներով:

Մխիթարյանի հետ ժամեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը: