Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին ՄԻԵԴ վճիռներով արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 9 վճիռ է կայացրել։

ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ այդ վճիռների հետևանքով կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։ Նրանց սեփականությունը շուկայականից մի քանի անգամ ցածր էր գնահատվել. նման գործերով զբաղվող փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ որոշ դեպքերում անգամ՝ անհավանական թվացող չափի։

«Պատկերացրեք՝ Հյուսիսային պողոտայում կա մի իրավիճակ, որ 400 քմ հողը վաճառվել է ընդամենը 2000 դոլարին համարժեք դրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ 400 քմ հողը վաճառվել է 1 քմ հողի արժեքով», - մատնանշեց փաստաբանը:

Ստրասբուրգյան դատարանը վերջերս հերթական գանգատն է բավարարել ընդդեմ Հայաստանի. կառավարությունը պարտավորվում է տուժողին վճարել մոտ 140 հազար եվրո։ Այս գանգատը նախորդներից տարբերվում է, քանի որ Գայանե Թադևոսյանը Հյուսիսային պողոտայի ծրագրերի իրականացման գրասենյակից իր օտարված սեփականության համար փոխհատուցում ստացել էր, սակայն իր պնդմամբ՝ ոչ համարժեք։ Հետո էլ գրասենյակից ասել էին, թե քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել գույքը միտումնավոր կերպով բարձր գնահատելու համար։ Մինչդեռ, ՄԻԵԴ-ում Թադևոսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանի խոսքով, քրեական հետապնդումը ոչ թե Թադևոսյանի, այլ հենց Հյուսիսային պողոտայի ծրագրերն իրականացնող գրասենյակի աշխատակիցների նկատմամբ է սկսվել։

«Հյուսիսային պողոտայի ծրագրերի իրականացման գրասենյակը քաղաքի կենտրոնում գնտվող Թադևոսյանի գույքն ու մեծ հողատարածքը մոտ 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով էր գնահատել։ Իբր Թադևոսյանի նկատմամբ սկսված քրեական գործը դադարեցնելու նպատակով Հյուսիսային պողոտայի ծրագրերն իրականացնող գրասենյակի աշխատակիցը Թադևոսյանից խաբեությամբ մոտ 75 միլիոն դրամ էր վերցրել», -ասում է ՄԻԵԴ-ում Թադևոսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը։ - «Որոշ ժամանակ հետո իմանում է, որ ընդհանրապես քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործը կարճվել է։ Բնականաբար գնում է ԾԻԳ-ի նույն աշխատողի մոտ, անուն-ազգանունը չեմ տալիս, որպեսզի հանրային պարսավանքի չարժանանա և պահանջում է գումարը վերադարձնել, նրանք ասում են՝ գիտես, դու քո կամքով ես գումարը վճարել»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փոքր Կենտրոնի տարբեր հատվածներում կառուցապատման հետևանքով տուժած քաղաքացիների ներկայացուցիչները կանխատեսում են՝ ստրասբուրգյան դատարանը բավարարելու է նախկին իշխանությունների ժամանակ ապօրինություններից տուժած բազմաթիվ քաղաքացիների դիմումները։

«Ապրել եմ էս տարածքում, որը եղել ա շատ մեծ տարածք՝ իր այգիներով, բնակարաններով», - պատմում է Լալայանց 5 հասցեի նախկին բնակիչ Ջեմմա Ասատրյանը: Նրա տան ու այգու տարածքում վաղուց արդեն Հյուսիսային պողոտան է։ Ասատրյանն արդեն՝ մեկ տասնամյակից ավելի է՝ պայքարում է իր իրավունքների վերականգնման համար։

«Մենք ստացել ենք 800 քմ համար: Մոտավորապես մեզ տվել են 300 դոլար, երբ որ էդ ժամանակ վաճառում էին քմ-ը 1000 դոլարով: Փաստորեն մեզ տվել են բնակարանի փողը, իսկ հողատարածքի փողը չեն տվել», - ասում է Ջեմմա Ասատրյանը:

Չնայած Ասատրյանները չեն համաձայնել, սակայն դատարանի որոշմամբ նրանց ստիպողաբար տարածքից դուրս են հանել։ Հետո դատարան են դիմել. ապարդյուն։

Տիկին Ջեմմայի պես փոխհատուցում չի ստացել նաև ընկերուհին։ Քնարիկ Առաքելյանն ասում է՝ իր սեփականության դիմաց չնչին գումարներ են տվել, հիմա՝ տուն չունի։ - «115.6 քմ-ի համար ես ստացել եմ 46 հազար դոլար, իսկ Զախարյանը հեռուստացույցով ասաց՝ 1000 դոլարով տվել եմ: Մենք էլ էդ ժամանակվանից սկսեցինք պայքարել։ Եթե 1000 դոլարով տվել ես, ինձ տվել ես 270-ով, 770 դոլարն ում գրպանն ա գնացել», - հարցնում է քաղաքացին:

Քնարիկ Առաքելյանի խոսքով՝ ինքն ու ընկերուհին ՄԻԵԴ չեն ուզում դիմել, սպասում են՝ նոր իշխանությունները հնարավոր է փոխհատուցեն իրենց կորցրած գումարները։