Միխեիլ Սաակաշվիլին վերադարձավ Ուկրաինա

Միխեիլ Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա, Կիև, 29-ը մայիսի, 2019թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից Կիև ժամանեց չորեքշաբթի երեկոյան: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրեց Ուկրաինայի քաղաքացիությունը, որից Սաակաշվիլին զրկվել էր նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից` 2018-ի փետրվարին արտաքսվելով երկրից:

«Բորիսպոլ» օդանավակայանում Միխեիլ Սաակաշվիլիին հարյուրավոր մարդիկ էին դիմավորում: Նրանցից շատերը Ուկրաինայի և Վրաստանի դրոշներն էին ծածանում, պարբերաբար հնչում էր ուկրաինական օրհներգը:

Մի պահ Սաակաշվիլիին սպասող աջակիցների և լրագրողների քանակն այնքան շատացավ, որ հավաքվածները կաթվածահար արեցին օդանավակայանի ժամանումների սրահի աշխատանքը: Նոր ժամանած մյուս ուղևորները մոտ 20 րոպե չէին կարողանում դուրս գալ օդանավակայանի շենքից:

Խառնաշփոթն ու հրմշտոցը է՛լ ավելի սաստկացան, երբ Սաակաշվիլին, անցնելով անձնագրային ստուգումը, ի վերջո հայտնվեց տեսախցիկների առջև:

«Բորիսպոլ» օդանավակայանում հավաքված հարյուրավոր լրագրողները Սաակաշվիլիին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան միայն ժամանումների սրահից դուրս գալուց հետո: Առաջինը, ինչ արեց Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելն էր:

«Իր այս քայլով նախագահ Զելենսկին ցույց տվեց, որ ունակ է արագ և համարձակ քայլերի, որ ինքն անկախ քաղաքական գործիչ է և որևէ մեկին չի լսում: Դեռ ընտրությունների առաջին փուլից հետո նա խոստացավ, որ կվերադարձնի ինձ քաղաքացիությունը, և արեց դա: Նրա խոսքերն ու գործերը համընկնում են», - նշում էր Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինա ժամանելու առաջին իսկ րոպեներին խոսեց նաև իր ապագա քաղաքական ծրագերի մասին` բացառելով մասնակցությունը հուլիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես որևէ ընտրությունների չեմ մասնակցելու: Բայց միանշանակ է, որ ես օժանդակելու եմ Ուկրաինայի քաղաքական դասի թարմացմանը, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի նոր մարդիկ գան [քաղաքականություն]», - հայտարարում էր Միխեիլ Սաակաշվիլին: