Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց Հյուսիս - Հարավ ճանապարհի շինարարություն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերության կուտակած պարտքերով՝ ե՞րբ է ընկերությունը վերադարձնելու ենթակապալառու ընկերությունների պարտքերը․ - «Ինձ դիմել էին 19 ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հանդիսանում են «Կորսան Կորվիամ» կապալառու ընկերության ենթակապալառուները, և ում օգոստոս ամսվանից որևէ փոխանցումներ չեն կատարվել: Արդեն ամիսներ շարունակ այս հարցը ենթակապալառու ընկերությունները բարձրացնում են, տարբեր հանդիպումներ են ունեցել և՛ նախարարի, և՛ փոխնախարարի, և՛ կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ: Բայց հարցին որևէ լուծում չի տրվել, թե որևէ կերպ նրանք այդ գումարները կկարողանա՞ն երբևէ հետ ստանալ, թե՞ ոչ»:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ - «Ուզում եմ տեղեկացնել, որ Հյուսիս - Հարավ ճանապարհի շինարարության առաջին և երկրորդ տրանշերի հետ կապված ունենք խնդիրներ: Եվ այդ խնդիրները կապված են և՛ աշխատանքների որակի հետ, և աշխատանքի կատարման ժամկետների հետ: Մենք հիմա փաստացի նաև բանակցում են «Կորսան Կորվիամ» ընկերության հետ և ուզում ենք հասկանալ արդյո՞ք գնում ենք միջազգային արբիտրաժ, թե՞ չենք գնում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, պարտավորություն չունի ենթակապալառուների նկատմամբ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք այս պահի դրությամբ պարտավորություն չունենք «Կորսան Կորվիամ» ընկերության նկատմամբ: Բանակցությունների պրոցեսում մենք պետք է հասկանանք, թե ինչ լուծումներ ենք փորձելու գտնել: Բայց էդ լուծումները պետք է լինեն ընդհանուր հանրային շահից բխող»:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում նորակառույց թաղամասերում դպրոցների բացակայությունը լուրջ խնդիր է, հարցը կառավարության օրակարգում է:
Խոսքը, մասնավորապես, Երևանի նորակառույց Ծարավ Աղբյուր մեծ թաղամասի մասին է:
Այս խնդիրը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը․ - «Հիմա Ծարավ Աղբյուր թաղամասում հարակից տարածքը պետք է տրամադրվեր դպրոցի և այգու համար, հետո չգիտես ինչու այն վաճառվել է «Գազպրոմ»-ին, այնտեղ կառուցվել է գերժամանակակից համալիր: Լինելու է դպրոց, բայց այդ դպրոց դիմելու համար և ամսավճարը կազմելու է 1-1,5 միլիոն դրամ: Հիմա այս թաղամասի բնակիչները հայտնվել են խնդրի առջև, որովհետև չեն կարողանալու իրենց երեխաներին տալ այդ դպրոցը»:
Նախարար Հարությունյանի արձագանքը․ - «Գիտեմ, որ էսօր սոցիալական ցանցերում էս թեմայով շատ գրառումներ են եղել: Ենթադրում եմ, որ գալիս է նրանից, որ խնդիրը սուր է: Մենք ներկայում քննարկում են կապիտալ ներդրումների լուրջ ծրագրեր, որովհետև բյուջեում լրացուցիչ եկամուտներ են առաջացել, դրամական ռեսուրսներ են առաջացել: Ներկայում քննարկում ենք, թե որտեղ են դրանք ներդրվելու: Եվ ներդրման տեղերից մեկը նաև դպրոցի և դպրոցական տեղերի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարությունն է: Էս պահին որևէ կոնկրետ բան Ծարավ Աղբյուրի հետ կապված չեմ ասի, բայց մենք դիտարկում ենք ամբողջ Երևանը և ոչ միայն Երևանը: Նաև Մալաթիա-Սեբաստիա շրջանում կա դպրոցական աշակերտական տեղերի խնդիր, և այստեղ էլ նման մի ծրագրի իրագործման հարց ենք քննարկում»: