«Իմ քայլը» ընդդիմությանը հորդորում է վեթինգի նախագծի շուրջ առաջարկներ ներկայացնել

Ազգային ժողովը դատական համակարգը բարեփոխելու, դատավորներին զտելու՝ վեթինգի ենթարկելու նախագծի աշխատանքները սկսել է: Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովի խմբակցություններին հորդորեց առաջարկներ ներկայացնել:

«Այս պահին նախագիծը գտնվում է վերջնականացման փուլում, և այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով մեր գործընկերներին թե՛ «Բարգավաճ Հայաստան», և թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկներ, այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի այդ նախագիծը», - նշեց Մակունցը:

Դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած շաբաթ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին վրդովվեցրեց Մակունցի առաջարկը: Ասաց՝ պետք է խումբ ձևավորեին ու միասին աշխատեին, ոչ թե միայն առաջարկներ պահանջեն ընդդիմությունից:

«Տիկին Մակունց, նախ՝ եթե ամիսներ առաջ սկսել եք աշխատել դրա շուրջ ու մենք, կներեք, խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ ուղերձ է: Ես գիտեմ, որ ամիսներ առաջ անցումային արդարադատության շուրջ եք աշխատել, վեթինգը եղել է նոր: Հիմա՝ եթե ինչ֊որ բան կա, պետք է խումբ ստեղծել, էդ խմբով աշխատել, ոչ թե աշխատել մի բանի շուրջ ու ասել՝ մենք մի բանի շուրջ աշխատում ենք, եթե մտահոգություններ ունեք, առաջարկություններ ունեք՝ տվեք: Ինչի՞ շուրջ տանք, ինչ իմանանք ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ տանք: Այսինքն՝ կամ պետք է ներառական աշխատանք տարվի, կամ ուղղակի դա արտահայտությունա, որ արվումա», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխող խմբակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե առաջարկներն ուշացած չեն, ժամկետների սահմանափակում չկա․ - «Արդեն խաբար եք ու կարծում եմ առաջարկները և քննարկումները տեղի կունենան, որևիցե մեկը ժամկետային սահմանափակում կամ որևիցե շտապեցնելու ցանկություն չունի»:

Դատավորներին վեթինգի ենթարկելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո համակարգից միակ հրաժարական տվողը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է: