«Հայկական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար». Տոկաևն ու Փաշինյանը հանդիպել են

«Մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները», - այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն՝ իր նստավայրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Ղազախստանի նախագահը, մասնավորապես նշել է. - «Հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար։ Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»։

Հայաստանի վարչապետը նշել է. - «Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի»:

Նշելով, որ երկու երկրները աշխատանքի մեծ դաշտ ունեն՝ Փաշինյանը համաձայնել է Տոկաևի առաջարկին` հանձնարարել Հայաստանի և Ղազախստանի նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ:

«Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: