Քրգործ է հարուցվել Վանաձորի փողոցների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով

Փողոց Վանաձորում, արխիվ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վանաձորում 2014-17 թվականներին փողոցների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով։

Իրավապահները պարզել են, որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1» ընկերությունները համայնքային բյուջեից 101 միլիոն դրամ են ստացել՝ «անորակ աշխատանքի» դիմաց։ Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ «համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք գնումների գործընթացի պահանջները ձևականորեն պահպանելու նպատակով 2016 թվականի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով՝ մոտ 70 միլիոն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ մեկ ամիս անց 84 միլիոն դրամի աշխատանքների պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում, առանց պատշաճ հիմնավորման, պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համայնքի ղեկավարի կարգադրությամբ 17 միլիոն դրամով ավելացրել են»։

«Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թվականին համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության ընդունել և շահագործման են հանձնել «Լոռու ճանշին»-ի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - տեղեկացնում է Ոստիկանությունը։

Վանաձորի ծայրամասային Չուխաջյան փողոցի բնակիչները հաստատում են. աչքով են տեսել իրավապահների նշած անորակ աշխատանքը։ Համայնքապետի 2016 թվականի ընտրություններից առաջ արված փոսային նորոգումները երկու ամսվա կյանք են ունեցել։

Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը մտադիր է դիմել իրավապահ մարմիններին առնվազն մեկ տարի կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները ևս քննության առարկա դարձնելու համար։ Կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը համոզված է՝ 2016 թվականին Վանաձորի համայնքապետարանը միևնույն փողոցներում ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ կրկնակի փոսալցումներ է իրականացրել, բայց որոշ դեպքերում դրանք եղել են միայն փաստաթղթերում։

«Բոլորս գիտենք, որ այդ ընկերությունները պատկանում է նախկին քաղաքապետի ընտանիքի անդամներին, այսինքն՝ մի ձեռքով հաստատել, մյուս ձեռքով դրել է իր գրպանը այս մարդը։ Ակնկալել, որ պետք է մեծ ծախսեր աներ, ևս հնարավոր չէր», - նշեց Քոթանջյանը։

Գևորգ Քոթանջյանը շեշտում է, որ նախորդ տարիներին Վանաձորում յուրացումների հետևում կանգնած են նաև վերահսկողության համար պատասխանատու կառույցները՝ մարզպետարանից ու Վերահսկիչ պալատից մինչև Ճանապարհային ոստիկանություն։ Նրանք ցուցաբերել են լիարժեք անգործություն, ասում է իրավապաշտպանը։

«Մի հոգի չի կարող լինել պատասխանատու էս ամեն ինչի համար, պետք է ընդհանուր համակարգը, որը ուղղակի աչքերը փակ, չի էլ հետևել, պետք է կանգնի պատասխանատվության առաջ», - ընդգծեց Քոթանջյանը։

Նշենք, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ժամանակաշրջանում նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունները ճանապարհաշինական միլիոնավոր դոլարների հասնող ծրագրերն իրականացնելու իրավունքը ստացել են հիմնականում առանց բաց մրցույթի։ 2017 թվականին՝ արդեն գործող քաղաքապետի օրոք, առաջին անգամ Վանաձորի ճանապարհների համար հայտարարված էլեկտրոնային մրցույթում հաղթած մեկ այլ՝ երևանյան կազմակերպություն հաղթելուց անմիջապես հետո հրաժարվել էր ծրագրից՝ աշխատանքների իրավունքը դարձյալ թողնելով նախկին, 17 տարվա քաղաքապետի եղբորը պատկանող «Լոռու ճանշին» ընկերությանը։

Արդյունքում նույն ժամանակահատվածում համայնքային բյուջեի միջոցներով իրականացված փոսալցումները մոտ 35 տոկոսով թանկ նստեցին կառավարության կողմից Վանաձորում իրականացված նույնանման աշխատանքների համեմատ։ Այդ ընթացքում ընդդիմության բոլոր ահազանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ անցած տարեվերջին մարզային իշխանությունների պահանջով Վանաձորում մեկ այլ՝ «Փուլ տրաստ» ճանապարհաշինական ընկերության հետ խզվեց պայմանագիրը՝ վատորակ աշխատանքների պատճառով։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց՝ այլևս թույլ չեն տալու անորակ շինարարություն։

«Մենք ցանկացած շինարարություն, անկախ պատվիրատուն ով է՝ դուք եք, պետական բյուջեյով է, թե միայն ձեր միջոցներով է, եթե մարզի տարածքում է արվում, պիտի լինի անձամբ իմ վերահսկողության տակ, ոչ մի խախտում ստեղ չի լինելու», - ասաց Ղուկասյանը։