Հայաստանի վարչապետի որդին՝ զինծառայող Աշոտը ժամանակավոր է Երևան տեղափոխվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հավելելով, որ զինծառայողներն այստեղ դասընթացների են մասնակցում, ավարտելուց հետո որդին կրկին կվերադառնա առաջնագիծ:
«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների. ժամանակավոր է և վերադառնալու է։ Ես չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ կարող է վիճակը... Էդպես չէ, և Աշոտի Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի, ինքն ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Ինքը ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը, այո», - նշեց Աննա Հակոբյանը։
Օրեր առաջ շրջանառվող լուրերին, թե վարչապետը որդուն Ղարաբաղից Երևան է տեղափոխել, Ֆեյսբուքում անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանի Զինված ուժերի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների։
Հարց հնչեց՝ վերջին շրջանում արդյո՞ք լարվածություն չկա Երևանի և Ստեփանակերտի միջև, հատկապես որ երկու օր առաջ Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաք էին հրավիրել, որտեղ էլ բռնության կոչեր հնչեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Աննա Հակոբյանը պնդեց՝ լարվածություն չկա և չի էլ կարող լինել։
«Վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար ինչ-որ մի անհատի նկատմամբ վերաբերմունքի պատճառով փորձ է արվել ընդհանրացնել այդ վերաբերմունքը, այսպես ասած՝ սեպ խրելու գործընթացներ սկսել, բայց երբևէ դա հաջողություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ, որովհետև չկա հայաստանցի և արցախցի, նման բան գոյություն չունի», - պատասխանեց վարչապետի կինը։
Ի դեպ, սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով ոստիկանությունը երեկ բերման էր ենթարկել Ազատության հրապարակում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանին։ Ոստիկանությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին գործով հետաքննություն է ընթանում։
Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի շրջագայություններին, ասաց՝ իր ուղևորությունները լրացուցիչ ծախս չեն, փոխարենը՝ մեծ գումարներ է բերում Հայաստան։
«Նախորդները չէին անում, բայց ես ի՞նչ ասեմ։ Չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, երբ որ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել էդ ինքնաթիռը, գնալ իր հետ, կողքը լինել։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ ինչի՞ չէին անում։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ֆինանսական իմաստով, որ այդքան դրա տակ ուզում են փնտրել՝ փողերի վատնում, ես Միացյալ Նահանգների օրինակը բերեմ՝ 10 միլիոն դրամ ենք ծախսել այցի վրա, Հայսատան ենք բերել 755 միլիոն դրամ: Եթե իմ գնացած տեղը չունենա որևէ կարևորություն, որևէ հետադարձ օգուտ Հայաստանի համար, որևէ օգտակարություն, ես երբևէ դա ինձ թույլ չեմ տա, այսինքն՝ ինձ դա պետք չէ», - շեշտեց Հակոբյանը։
Պատասխանելով այն հարցին, թե «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն է կատարում, օրինակ, նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, արդյո՞ք սա գործող իշխանություններին հաճոյանալու նպատակ չի հետապնդում, Հակոբյանն ասաց՝ նվիրատվություն կարող են անել բոլորը։
«Մենք ասում ենք՝ մենք անում ենք էս աշխատանքը, և չենք ուզում ինչ-որ մարդկանց ասել՝ գիտե՞ք, դուք ինչ-որ մեկի ճաշակին կամ քիմքին այնքան էլ հաճելի չեք, դրա համար դուք նվիրատվություն մի արեք, մեր գործին մի նպաստեք։ Բայց մենք բոլորին ենք կոչ անում նվիրատվություն անել, եթե մենք մտնենք էդպիսի քննարկումների և տարանջատման մեջ, թե ումից ենք ուզում նիրատվություն..., բայց պարզ չի՞, որ մենք բոլորից ենք ուզում նվիրատվություն, բոլորին ենք ձեռք մեկնում համագործակցության, որովհետև հավատում ենք մեր ծրագրերին, հավանում ենք մեր ծրագրերը, գտնում ենք, որ այն, ինչ որ անում ենք, անում ենք ի նպաստ մարդկանց, ի նպաստ Հայաստանի, և դրա համար մեզ համար ընտրություն չկա նվիրատուների միջև», - նշեց վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանը սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրեր իրականացնող «Իմ քայլը» և քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժումը ֆինանսավորող «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ «Իմ քայլը» հիմնադրամից «Ազատությանը» փոխանցեցին՝ հիմնադրման օրից մինչ 2019-ի մայիսի 24-ը հիմնադրամը ստացել է շուրջ 1,3 միլիարդ դրամի նվիրատվություն և նվիրաբերություն:
Իսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին 2018-ի հուլիսից մինչև 2019-ի մարտը նվիրաբերված գումարների չափը կազմել է ավելի քան 297 միլիոն դրամ: